ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները։

Փառատոնի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Արա Խզմալյանը ողջունել և շնորհավորել է բոլորին փառատոնի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ փառատոնն այս տարի դրվում է ռազմավարական աննախադեպ նշանակության հարթակի վրա, և դա է փաստում նաև այն հանգամանքը, որ առավել, քան երբևէ փառատոնի շուրջ սերտացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համագործակցությունը:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել սիմֆոնիկ նվագախմբին, որովհետև մեծ պակասորդ ունենք երաժշտական կյանքում, այն է՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը: Նվագախումբն ահռելի վաստակ ունի կոմպոզիտորական արվեստի հանրայնացման և միջազգայնացման առումով: Այս իմաստով փառատոնը ԿԳՄՍ նախարարության ռազմավարական հենակետն է, և ես հույս ունեմ, որ այն համալիր միջոցառումները, որոնք համատեղ որոշել ենք իրականացնել, կնպաստի փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը»,- նշել է Արա Խզմալյանը և արձանագրել փառատոնի՝ անցած տարիների արդյունքները՝ 51 համերգ, ավելի քան 170 պրեմիերաներ Հայաստանում գործող երգչախմբերի, նվագախմբերի և կամերային համույթների ներգրավմամբ, հայ կոմպոզիտորների ավելի քան 100 սիմֆոնիկ ստեղծագործությունների թվայնացում, կոմպոզիտորների 250-ից ավելի երաժշտական երկերի ձայնագրում:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ ներկայացված արդյունքները նշում են փառատոնի կարևորության մասին, և նա հույս է հայտնել, որ այս արդյունքներով փառատոնը կդրվի ռազմավարական այլ հարթության վրա՝ բոլոր ջանքերն ուղղելով դրա իրականացմանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է փառատոնի շրջանակում Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությունը։

«Այս փառատոնը մեծ ազդակ է Հայաստանում ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների համար։ Այսօր կարևոր է, որ երկիրը ձևավորի իր մշակութային առաջարկն ու այն հասանելի դարձնի աշխարհին։ Այս համատեքստում «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի» շրջանակում արվում է հնարավորը, կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ՝ այդ առաջարկը լավագույնս ձևակերպելու ու ներկայացնելու համար։ Մեր նվագախումբը ոչ միայն 13 տարի կազմակերպել է փառատոն, այլև ձայնագրություններ է արել, ունենք մեծագույն արխիվ, որը թվայնացրել ենք: Մեր երաժշտական ժառանգությունը ոչ միայն պետք է պահպանել ու կատարել, այլև պետք է փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում ներկայացվելու է յուրօրինակ ծրագիր. հնչելու են պրեմիերաներ, անվանի և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն անդրադարձել է նվագախմբի և միության համագործակցությանը՝ ընդգծելով, որ դրա սկիզբը դրվել է 12 տարի առաջ։

«Ուրախ եմ, որ միության երիտասարդական ճյուղն առանձին նախաձեռնել է համագործակցություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. առաջին արդյունքը կլինի Էլեն Յոլչյանի և Տիգրան Համբարյանի ստեղծագործությունների կատարումը։ Սա կնպաստի կոմպոզիտորական պրոֆեսիոնալ դպրոցի զարգացմանը։ Մեր շատ հեղինակների ստեղծագործություններ հնչում են արտասահմանում, սակայն կարևոր է, որ երիտասարդ կոմպոզիտորների գործերը կատարվեն Հայաստանում՝ նպաստելով նրանց կայացմանը»,- նշել է Արամ Սաթյանը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, ինչը կնպաստի հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանը։

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք երկար տարիներ չեն հնչել։

«Այս տարի լրանում է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակը, և այդ կապակցությամբ կհնչեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Փառատոնի կարևոր նպատակներից է, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվեն այլազգի և սփյուռքահայ մենակատարների կողմից։ Այս առումով Հայաստան կժամանի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը և կներկայացնի Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»։ Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի հետ երկարամյա համագործակցության արդյունքում խնդրեցինք գրել «Հայկական սիմֆոնիկ պարեր» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որն առաջին անգամ կներկայացվի մարտի 23-ին՝ փառատոնի բացման համերգին»,- ասել է նվագախմբի տնօրենը և հայ կոմպոզիտորական արվեստի տարածման գործում կարևորել միջազգային մեդիա հարթակների հետ համագործակցությունը:

Տեղեկացնենք, որ հայ կոմպոզիտորական13-րդ փառատոնը ներառում է 3 համերգ. ծրագրերում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Օհան Դուրյանի, Մարտին Վարդազարյանի, Նուբար Ասլանյանի, Վարդան Աճեմյանի, Մարտին Ուլիխանյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտները։

Նվագախմբի նախաձեռնությամբ փառատոնի շրջանակում առաջին անգամ կհնչի Մարտին Ուլիխանյանի «Հայկական պարերը» սիմֆոնիկ նվագախմբի կազմով։ Երկար տարիների դադարից հետո կհնչի Մարտին Վարդազարյանի Սիմֆոնիան։

2022 թվականին լրանում է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակը, և այդ կապակցությամբ փառատոնի փակման համերգին կհնչեն այս կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք նույնպես երկար տարիներ չեն հնչել մեծ բեմից։

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում և տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով։ Այդ ձայնագրությունները և տեսագրությունները հետարտադրողական ընթացքից հետո տեղադրվում են նվագախմբի սոցիալական էջերում, ինչպես նաև հայտնի միջազգային հարթակներում։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ՝ հանդես կգան դաշնակահարներ Արուս Աճեմյանը (Հայաստան), Ժան-Պոլ Գասպարյանը (Ֆրանսիա), Արմինե Գրիգորյանը (Հայաստան), ջութակահար Կարեն Շահգալդյանը (Հայաստան) և բարիտոն Գևորգ Գինոսյանը (Հայաստան)։

«Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի» համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Վահագն Պապյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…