ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր Լիանայի հերթական նվաճումը

Մարտի 29, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել օլիմպիադաների հանրապետական փուլից վերադառնալ հաղթանակով:

2021-2022 ուստարվա «ՀԵՊ» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում, որը տեղի ունեցավ մարտի 26-ին, դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը` 20 միավորով, գրավեց I տեղը` արժանանալով I կարգի դիպլոմի և անվանական կրթաթոշակի:

Այս փայլուն հաղթանակի մեջ իր անփոխարինելի դերն ունի «ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանը, ում անմնացորդ նվիրումն իր սիրած գործին, ցանկալի պտուղներ է տալիս մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Բազմավաստակ ուսուցչուհին իր առարկայի հանդեպ արթնացնում է սեր ու նվիրում, արժևորում առարկայի դերն ու նշանակությունը ազգի պահպանման ու զարգացման գործում: Պատահական չեն հաջողությունները. ամեն տարի Քնարիկ Քոչարյանի սաները հանրապետական օլիմպիադայում գրավում են պատվավոր տեղեր` բարձր անուն ու ճանաչում բերելով թե՛ Գեղարքունիքի մարզին, և թե՛ Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցին:

Հաղթանակները հեշտ չեն ձեռք բերվում: Դրանց ետևում անսահման սեր, նվիրում, աշխատասիրություն և անկոտրում կամք կա: Դրանց ետևում հայ երեխային իր ազգային արժեքներին հավատարիմ պահելու մեծ ձգտում կա:

Այս հաջողությունների մեջ մեծ է նաև դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանի ներդրումը, ով մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում օլիմպիադաները, խրախուսում և օժանդակում այդ կարևոր գործին:

Շնորհավորենք Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվին, «ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանին և նրա շնորհաշատ սանին` Լիանա Նավասարդյանին, մաղթելով նորանոր նվաճումներ` գիտելիքների անսահման ու անեզր օվկիանոսում:

Սալվինազ Սիմոնյան
9-րդ Ա դասարանի դասղեկ