ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Մայիսի 5, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք, մասնավորապես, բխում են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի սահմանումը հանրակրթության պետական չափորոշչի սահմանման հետ համադրելու և կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը շեշտադրելու անհրաժեշտությամբ:

«Այս փոփոխության օգնությամբ մենք կարողանալու ենք նաև առավել արդյունավետ առաջ տանել նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը, որն արդեն սահմանվել է իբրև պարտադիր պահանջ, և ներկայում գտնվում ենք դրա իրացման փուլում: Նախագծով սահմանվել են մի շարք կարևորագույն լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացման գործընթաց՝ տարակարգերի շնորհման միջոցով: Այս մեխանիզմը ներդրվում է առաջին անգամ, որն ունի կարևոր նշանակություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևորագույն մոտեցումը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցմանը, որի կարգի լիազորող նորմը նույնպես դրվել է այս նախագծով:

«Սա միանգամայն համահունչ ենք առաջ տանում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ, որը թույլ է տալու էապես ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, և սա առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կան այդ կադրերը, և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը հնարավորություն է տալու, որպեսզի նաև հարակից բնակավայրերի մարդիկ կարողանան աշխատել և մեր երեխաների համար ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն»,- շեշտել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև լիազորող նորմերի ներառումը ներառական կրթության համատեքստում, որով հնարավորություն է տրվում սահմանել 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Ըստ նախարարի տեղակալի՝ մի շարք այլ կարգավորող նորմեր ևս կան, որոնք թույլ են տալու հրատապ խնդիրները կարգավորել ենթաօրենսդրական դաշտում և, ընդհանուր առմամբ, ոլորտում ունենալ ավելի որակյալ և բարելավված իրավիճակ: Նա տեղեկացրել է, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ գրեթե չեն ստացվել. եղածներն էլ հիմնականում խմբագրական բնույթի են եղել:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Նշենք, որ Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)