ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյան. ««STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են»

Մայիսի 6, 2022
Պաշտոնական

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «STARMUS» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվել են փառատոնի մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և նախատեսվելիք միջոցառումները։

«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք «STARMUS VI»-ի իրականացման հետհաշվարկի մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում նմանօրինակ միջազգային փառատոնի հյուրընկալումն աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար»,-փառատոնի մեկնարկն ազդարարել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միջոցառումն իր յուրահատկությամբ կխթանի գիտության ու արվեստի զարգացումը Հայաստանում և հզոր գիտական համայնք ստեղծելու հնարավորություն կընձեռի` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները: Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

«Այն հարթակ կհանդիսանա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց նախաձեռնողականությունը և ներգրավվածությունը գիտական կյանքում: Մինչ այժմ Հայաստանում տարբերակված մոտեցում չի եղել բարձր տեխնոլոգիական և ոչ բարձր տեխնոլոգիական կրթության նկատմամբ, և գլոբալ առումով շոշափելի քայլեր չեն եղել: Հուսով եմ, որ «STARMUS» փառատոնը կկոտրի որոշ կարծրատիպեր և կլուծի իր առջև դրված այն գլխավոր խնդիրը, որ մենք համամարդկային արժեքների մի մասն ենք՝ և՛ գիտության, և՛ մշակույթի, և՛ շփման առումով: Մեր հասարակությունը կարիք ունի մտածելակերպի փոփոխության, որի կարևորագույն խնդիրը կրթությունն է: «STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են: Միջավայրի փոփոխություն. սա է մեր գերխնդիրը, որն էլ իր հերթին կբերի մտածողության փոփոխության»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ «STARMUS VI» փառատոնի անցկացումը մեր երկրում փաստում է, որ Հայաստանը գիտության, տեխնոլոգիաների, երաժշտության ու արվեստի բնագավառներում կարևոր դերակատարություն է ունեցել:

«Մեկ անգամ չէ, որ հայկական մտքի թռիչքն ու տաղանդը մարդկության պատմության մեջ համաշխարհային հաջողություն են գրանցել և հայ ազգին բերել ճանաչելիություն: Այսօր էլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունն իր ներուժով նոր խոսք և ասելիք կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ»,- ընդգծել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ փառատոնը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում և կձևավորի մի հարթակ, որտեղ կարելի է օգտակար կապեր ձևավորել։

«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը հավելել է, որ մեր երկրում վերջին տարիներին գիտության մասսայականացման առումով լուրջ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջին անգամ ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը և Գիտության կոմիտեն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում, որի վառ օրինակը «STARMUS» փառատոնը Հայաստան բերելն է: «STARMUS»-ի ձևաչափն առանձնահատուկ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամբողջացնելով այն արվեստով ու երաժշտությամբ»,- նշել է նա՝ տեղեկացնելով, որ միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Հայաստանը հյուրընկալելու է աշխարհահռչակ «Sons of Apollo» խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին և այլոց:

Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է դարձնելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության առաջիկա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։ Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։

Հայաստանում «STARMUS VI» գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«STARMUS» փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, տիեզերագնացներին, մտածողներին, գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներին միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)