2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է թանգարանների ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով անսպառ եռանդ, լավատեսություն և նորանոր ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է:
«Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, ազգային արժեքներին հաղորդակցվելու հնարավորություն: Շուրջ երկու տասնամյակ է, որ Հայաստանը միացել է համաեվրոպական նախաձեռնությանը: Տոնի շրջանակում թանգարանները պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, 30 կրթական, շուրջ 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով 2021 թվականին թանգարանների ոլորտում կատարած աշխատանքներին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրվել են 10 հազարից ավելի նմուշներով, իրականացվել են ավելի քան 2000 գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:
«Այս ոլորտում նաև տրամադրվում են դրամաշնորհներ կրթական, մշակութային տարբեր ծրագրերի, ցուցադրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար: 2022 թվականին պետական բյուջեից 50 մլն դրամ ուղղվել է նման ծրագրերի իրագործմանը: Մինչև հունիսի 3-ը դրամաշնորհներին դիմելու հայտերը բաց են»,- հայտնել է նախարարի տեղակալը:
Ալֆրեդ Քոչարյանը խոսել է նաև թանգարանային ոլորտի խնդիրներից. հատկապես հրատապ են միասնական տոմսային տնտեսության արդիականացման հարցը, որն այցելուներին հնարավորություն կտա առցանց ձեռք բերելու բոլոր թանգարանների տոմսերը, թանգարանները վերականգնելու, վերանորոգելու, արդիականացնելու և 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու խնդիրը: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ այս և մնացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, խոսելով Թանգարանների միջազգային օրվա «Թանգարանների ուժը» խորագրի մասին, նշել է, որ այն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:
«Կարծում եմ՝ սա հատկապես կարևոր է հետքովիդյան շրջանում, երբ թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը, և թվային տեխնոլոգիաների ներդրումն ու արդիականացումն ասես հրատապ դարձան, օժանդակեցին հավաքածուների բացահայտմանը»,- նշել է Աստղիկ Մարաբյանն ու հիշեցրել, որ մայիսի 18-ին թանգարաններն անվճար կհյուրընկալեն այցելուներին աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին՝ 11:00-ից մինչ կեսգիշեր:
Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, նկատել է, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվան, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացած 125 թանգարանների և Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանը խորհրդանշորեն զուգադիպում են: Տնօրենի տեղեկացմամբ՝ հոբելյանական տարվան ընդառաջ և այս տարի թանգարանն իրականացրել և իրականացնում է տարաբնույթ մի շարք միջոցառումներ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կարևորել է միջմշակութային համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ:
«Նմանօրինակ համագործակցությունները հետագայում այդ շրջանակն էլ ավելի ընդլայնելու առիթ են ընձեռել: Այս համատեքստում նշեմ, որ այսօր՝ մայիսի 18-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ կիրականացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։ 125-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության մեկ այլ օրինակ ևս՝ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ. այսօր կբացվի նաև «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը, որի առաջին մասը տեղի կունենա Ե․ Չարենցի տուն-թանգարանում, ապա մասնակիցները կքայլեն դեպի Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհին ունկնդրելով Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը»,- տեղեկացրել է Ժաննա Մանուկյանը։
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը շնորհավորել և բեղմնավոր աշխատանքային գործունեություն է մաղթել ոլորտի բոլոր մասնագետներին, իսկ թանգարանասեր հանրությանը տեղեկացրել է, որ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանը ներկայացնում է «Մշակութային դրսևորումները Ս. Փարաջանովի թանգարանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուներն իրենք պետք է վերնագրեն լուսանկարները, իսկ 3 լավագույն վերնագրերի հեղինակները կարժանանան մրցանակների:
«Թանգարանի ստեղծման օրից մեր թանգարանն իր գործուն մասնակցությունն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում, և մեզ համար ուղենշային է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա և ունենա հետաքրքիր ծրագրի առանցքային դեր: Գաղափարը ծնվել է, երբ պատրաստվում էինք կազմակերպել այս ցուցահանդեսը. մենք հասկացանք, որ պետք է թանգարանային առարկաներին կենդանություն հաղորդել: Նշեմ, որ այսպիսի փորձ մենք արդեն ունեցել ենք, տարվա սկզբին թանգարանում ներդրվել է վիդեոինստալացիա՝ Ս. Փարաջանովի բանտում ստեղծած 4 աշխատանքներից և 2 լավագույն ֆիլմերի մոտիվներով»,- տեղեկացրել է տնօրենը և թանգարանի բազմաթիվ ձեռքբերումներից նշել նաև թանգարանային առարկաների միջոցով «Կարմեն» անիմացիոն ֆիլմի ստեղծումը՝ փարաջանովյան պատկերացումներով:
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
Նշենք նաև, որ մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ