ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ աջակցությամբ լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը

Մայիսի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» հուշագրությունը:

Գիրքն ընթերցողին հիշեցնում է քաղաքի բույրերը, համերը, գույները, մարդկանց, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Այն պատմում է խորհրդային ժամանակների և մեր օրերի երևանցու մասին:

Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ստեղծած պատումն ընթերցողների շրջանում հարուցում է ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք. և այդ ամենը՝ սահուն հեգնանքով։

Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ Լուսինե Հովհաննիսյանը տեքստում գործածում է հետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմնի Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։

«Լուսինե Հովհաննիսյանը վավերագրական գրականության ժանրում ստեղծագործող լավագույն հեղինակներից է։ Նա կարողանում է ճշգրտորեն արձանագրել հեռացող ժամանակը»,- այսպես է բնորոշել հեղինակին գրող Տիգրան Պասկևիչյանը։

Հեղինակը տեքստում ամեն ինչ ներկայացրել է սիրով, հոգատարությամբ, խնամքով, ինչպիսին և հերոսների վերաբերմունքն է միմյանց և քաղաքի հանդեպ։

Առաջիկայում նախատեսվում է գրքի շնորհանդեսը: Այն ընթերցողներին հասանելի կլինի մայիսի 20-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն