ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմկոմիտեն ամփոփել է կատարված աշխատանքները

Մայիսի 19, 2022
Սպորտային լուրեր

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու գրեթե 95 տոկոսով ավարտվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են առաջնության կազմակերպիչները:

Հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլորիս սպասվելիք մարզական իրադարձության առթիվ, ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ մեծ միջոցառում վաղուց չենք հյուրընկալել: Նրա խոսքով՝ պետությունը, բռնցքամարտի ֆեդերացիան և մյուս գործընկերներն անում են լավագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար. «Համենայն դեպս, այն գնահատականները, որ ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Ուզում ենք նոր նշաձող սահմանել՝ առնվազն Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունների համար»:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ հաստատված է 39 երկրների պատվիրակությունների ժամանում մեր երկիր: Մարզիկների թիվը գերազանցում է 200-ը, իսկ պատվիրակությունների անդամների հետ այն կգերազանցի 400-ը: Առաջնության հյուրերի թվում են լինելու մարզաձևի միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ու Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները:

«Սա նշանակում է՝ առաջնությանն ամենաբարձր մակարդակով ուշադրության է արժանանում: Նշանակում է նաև, որ գնահատվում են այն ջանքերը, որ այստեղ ներդրվում են: Պետք է ասեմ նաև, որ մենք հոգ ենք տարել մասնակիցների ու նրանց ուղեկցող պատվիրակությունների բոլոր հարմարությունների մասին: Պատրաստվում ենք մայիսի 22-ին տալ պաշտոնական մեկնարկը՝ բացման շատ գեղեցիկ արարողությամբ: Մարտականորեն ենք տրամադրված՝ այս մրցաշարում սահմանելու լավագույն արդյունքներից մեկը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել սպասվելիք բացման արարողությունից:

Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 22-ին, և կմեկնարկի ժամը 21:00-ին: Կազմակերպիչները հանդիսականներին հորդորում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լինել արդեն 20:20-ից, քանի որ դրանից հետո երկրպագուների տեղաշարժը սահմանափակվելու է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շեշտել է՝ բացման տպավորիչ արարողություն է սպասվում. «Մեր աշխատանքների 95 տոկոսն արդեն կատարված է թե՛ մարզական առումով, թե՛ բացման արարողության հետ կապված: Շատ գեղեցիկ բացման արարողություն է լինելու, որից հետո՝ գիշերը, կտեղադրվեն երկու ռինգերն ու մայիսի 23-ից արդեն կմեկնարկեն նախնական մենամարտերը: Դրանք կտևեն մինչև մայիսի 27-ը: Մայիսի 28-ը կլինի ազատ օր, մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչները, իսկ 30-ին՝ եզրափակիչները»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրել է՝ Եվրոպայի առաջնության շրջանակում նաև ևս մեկ կարևոր իրադարձություն է սպասվում Երևանում: Մայիսի 30-ին մեր երկրում կկայանա EUBC նորընտիր գործկոմի առաջին նիստըՖեդերացիայի նախագահը նաև խոսել է Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամներից ունեցած սպասելիքներից. «Շատ ուրախ եմ տեսնել, որ մեր սպորտաձևն այսպիսի հետաքրքրություն է առաջացրել մեր երկրում: Շատ շուտով մեր հավաքականի տղաները կսկսեն իրենց մենամարտերը: Պետք է ասեմ՝ շատ ուժեղ ու մրցունակ թիմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և շատ մեծ սպասելիքներ ունենք այս թիմից: Չեմ ցանկանա մեդալների մասին կանխատեսումներ անել: Կարող եմ միայն վստահեցնել, որ ոչ մի քաշային կարգում մեր ոչ մի մասնակցի համար վատ չենք զգալու»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս խոսել է մեդալային սպասելիքների մասին. «Առնվազն ակնկալում ենք, որ մեր մարզիկները կապահովեն մեր լավագույն արդյունքի կրկնությունը, ինչը երկու ոսկե մեդալն է: Հուսով եմ՝ կհաջողվի նաև գերազանցել այդ արդյունքը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կանխատեսմամբ՝ երեք ոսկե մեդալը գերազանց արդյունք կհամարվի. «Եվրոպայի մեկ առաջնությունում երկու չեմպիոնից ավելի չենք ունեցել: Այնպես որ, եթե կարողանանք այս անգամ գերազանցել մեր լավագույն արդյունքը, հիանալի կլինի»:

Կազմակերպիչների խոսքով՝ Եվրոպայի առաջնության անցկացման և բարձր արդյունքների ապահովման գործում մեծ է լինելու նաև երկրպագուների դերակատարությունը:

«Բոլորին կոչ եմ անում երկրպագել Հայաստանի հավաքականին, և որպեսզի մեր մարզիկները հասկանան, որ տանն են մենամարտում և դրանից թևավորվեն, պետք է՝ տրիբունաներում շատ հանդիսական լինի ու ամեն կերպ փորձի աջակցել: Եկեք նպաստենք այդ հաղթանակների կայացմանը, որ հետո այդ բերկրանքը միասին ապրենք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Արայիկ Հարությունյանն էլ ավելացրել է՝ Կարապի լճում և Հյուսիսային պողոտայում կլինի ֆան գոտի: Հնարավոր է՝ բռնցքամարտիկները ևս երբեմն լինեն ֆան գոտում, շփվեն երկրպագուների հետ:

Առաջնության հեռարձակումը

Բոլոր մենամարտերը ցուցադրվելու են առաջնության ինֆորմացիոն գործընկեր VIVARO MEDIA հեռուստաընկերությունների ուղիղ եթերում, իսկ Հանրային հեռուստաընկերությունը կունենա պաշտոնական օրագրեր ու նաև ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը:

Տոմսերի վաճառքը

Երևանում կայանալիք առաջնության տոմսերն արժեն 2000, 5000, 8000 և 10 հազար դրամ: Դրանք հնարավոր է ձեռք բերել ticketon.am կայքից:

«Սա իրականում ցածր է միջազգային գներից, բայց մենք հաշվի ենք առել, որ այս առաջնությունը բոլորի համար է ու բոլորն իրավունք ունեն գալ և հետևել մրցումների ընթացքին: Գիտեմ, որ շատ լավ են վաճառվում կիսաեզրափակիչի և եզրափակիչի տոմսերը: Դա հասկանալի է: Առայժմ մեր ցանկացածի չափ ակտիվ չէ նախնական մենամարտերի տոմսերի վաճառքը:

Մարզադպրոցներին և բռնցքամարտի վետերաններին կտրվեն հրավիրատոմսեր: Այս ամենը նույնպես հաշվի է առնվել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կկայանա մայիսի 21-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր 13 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…