ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 30, 2022
Սպորտային լուրեր

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 350 հեծանվորդ է մասնակցել:

40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Անի Սարգսյանը, Լիլիթ Հարությունյանը:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Արմեն Գևորգյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Արարատյանը և Սեդա Ազատյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին:

Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարը միանշանակ կարելի է հաջողված համարել. «Այս անգամ պրոֆեսիոնալ ֆեդերացիայից բացի՝ ընդգրկեցինք սիրողական հեծանվասպորտի մրցավարների ու չունեցանք որևէ խնդիր: Տեսնում եք՝ որքան մարդ է այսօր առողջ ապրում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի առողջ ապրելակերպը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ մտնի կենցաղ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև առաջին անգամ սիրողական մրցաշարում դոպինգ-ստուգում իրականացնելը. «Մենք ազնիվ և մաքուր սպորտի կողմնակիցն ենք, դեմ՝ ցանկացած խթանիչների: Ստուգումն իրականացվել է Հայաստանի հակադոպինգային հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ բոլորովին անվճար»:

Նշենք նաև, որ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն