ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դունայանն ԱԺ-ում ներկայացրել է կրթության ոլորտի 2021 թ. բարեփոխումները

Հունիսի 15, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ներկայացրել է ԿԳՄՍՆ 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվությունը:

Նախարարը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ 2021 թ.-ի ընթացքում իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումներով, որոնց իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 174.8 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97,7 տոկոսը՝ 2020 թ. 95 տոկոսի դիմաց:

«Կրթության ոլորտում շարունակվել են հիմնական բարեփոխումները, որոնց նպատակն է որակյալ կրթության հասանելիության բարձրացումը, այդ թվում՝ ներառական կրթական միջավայրի ստեղծումն ու բարելավումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի վերանայումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Մասնավորապես հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ 2026 թ. 3-5 տարեկան նախադպրոցահասակ երեխաների 85 % ընդգրկվածության թիրախն ապահովելու նպատակով 2021 թ.-ին իրականացվել են իրավական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես 2021 թ. 10 համայնքներ ստացել են դրամաշնորհներ»,- ասել է Վ. Դումանյանը և հավելել, որ չնայած պատերազմի և համավարակի հարուցած դժվարություններին, 2021 թ․ ԿԳՄՍՆ շարունակել է բարեփոխումների ընթացքը նախարարության համակարգման բոլոր ոլորտներում, սկզբնավորել նոր նախաձեռնություններ:

Ուսուցչի կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկում

2022 թ. սեպտեմբերից ֆինանսավորում է հատկացվելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1.600 երեխաների համար: 2021 թ. ծավալուն փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում, ինչի շնորհիվ ընդլայնվել են հանրակրթական ուսուցիչների մասնագիտական առաջընթացը խթանող մեխանիզմներն ու հնարավորությունները: 2021 թ.-ի սեպտեմբերին անցկացվել է կամավոր ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների փորձնական ստուգում՝ 7 առարկաների ուսուցիչների համար: Արդյունքում 475 ուսուցիչ 2021 թ.-ի հոկտեմբերից ստանում է հավելավճար` 30-50 տոկոսի չափով: 2022 թ.-ի ապրիլի 29-ին ընդունվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կարգավորղ ՀՀ կառավարության որոշում, որով կամավոր ատեստավորման ընթացքում 70 և ավելի տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: Դրան ավելանում է նաև հավելավճարը:

Ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով 7.400 ուսուցիչ վերապատրաստվել է 3 բաղադրրիչով, որի արդյունքում վերջիններս ատեստավորվել են: 2022 թ. նախատեսվում է վերապատրաստում իրականացնել 8 բաղադրիչով:

Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկում

Վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը, որոնք 2021-2022 ուսումնական տարում փորձարկվում են ՀՀ Տավուշի մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: Փորձարկման արդյունքում առարկայական ծրագրերը լրամշակվելու են, և 2022-2023 ուստարում փորձարկումը կշարունակվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Ներդրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներ

Նախարարն ընդգծել է, որ շարունակվել են դպրոցական շենքերի և ուսումնական գույքի արդիականացման ծրագրերը։ Մասնավորապես, նախարարության կողմից համակարգվող ծրագրերով 21 համայնքներում ընթացել է փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով իրականացվել են 8 ավագ դպրոցների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ։ Մեկնարկել է գույքով հագեցման գործընթացը։ 107 ավագ դպրոցներում ներդրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներ: Մեկնարկել է Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցների համար լաբորատորիաների ստեղծումը՝ նոր չափորոշիչների փորձարկման շրջանակում։ Բացի դրանից, իրականացվել է նաև 17 դպրոցի և 37 մանկապարտեզի շենքային պայմանների բարելավում՝ տարբեր ծրագրերով: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին միացել են Գեղարքունիքի և Լոռու մարզերի դպրոցները, որտեղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) միջոցներով վերանորոգվել և կահավորվել են դպրոցների ճաշարանները։

Կազմակերպվել է ռազմամարզական ճամբար

«2021 թ․ իրականացվել է դպրոցների 4.290 վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների բաղադրիչով, մշակվել է հեռավար կրթության արդիական հարթակ։ Շուրջ 20 հազար դպրոցահասակ երեխաներ ընդգրկվել են արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերում։ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 3.200 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ: 11-րդ դասարանների հարյուր աշակերտների համար կազմակերպվել է
փորձնական ռազմամարզական ճամբար, որին 2022 թ․ մասնակցելու է շուրջ 700 աշակերտ»,- նշել է Վ. Դումանյանը։

Մշակվել է 18 դուալ կարճաժամկետ ծրագիր

Անդրադառնալով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ նախարարը փաստել է, որ շեշետադրումներն ուղղված են եղել կրթության հասանելիության մեծացմանը, կրթություն-աշխատաշուկա կապերի ամրացմանը, մասնավոր հատվածի հետ գործընկերությանը և դուալ կրթության ընդլայնմանը. «ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցվել է ուսանողական նպաստի հատկացման, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի համար ուսման վարձերի մասնակի զեղչման գործընթացը: Դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում համալրվել է համապատասխան մասնագիտությունների ուսումնաարտադրական բազան»:

«Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մշակվել է 18 դուալ կարճաժամկետ ծրագիր «Ռոբոտաշինություն», «Արևային էներգիայի համակարգերի սպասարկում», «Մեխատրոնիկա» և այլ մասնագիտությունների ուղղությամբ, ավարտվել են նաև 8 գյուղատնտեսական ՆՄԿՈՒ հաստատության նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

2021 թ.-ին պետությունը շուրջ 12 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս Դումանյանն ընդգծել է, որ շարունակվել է ուսանողական նպաստների տրամադրումն՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: Սոցիալական տարբեր խմբերի համար բարձրագույն կրթության հավասար մատչելիության ապահովման տեսակետից կատարվել են իրավական ակտերի փոփոխություններ, որոնք պետական բուհերում սովորողների լրացուցիչ խմբերի համար հնարավորություն են ստեղծում օգտվելու պետության կողմից տրամադրվող լրիվ կամ մասնակի նպաստներից: 2021 թ.-ին պետության կողմից շուրջ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 24 հազար ուսանողների: Վեց բուհերում ստեղծվել են շուրջ 1 մլրդ 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ նոր գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը կրկին քննարկվում է

«Ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու նպատակով լրամշակվել է դեռևս նախորդ տարիներին մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը Սահմանադրական դատարանի 2021 թ.-ի օգոստոսի 2-ի թիվ ՍԴՈ-1608 որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Նախագիծը հետագա լրամշակում անցնելով՝ սահմանված կարգով կրկին ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Նախագծով սահմանվում են ֆինանսավորման անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության և գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, բուհերի միջազգայնացմանը, գիտություն-կրթություն կապի ամրապնդմանը, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ներդրմանը, բուհերի ֆինանսական ինքնավարությանը՝ նպաստելով բուհի ենթակառուցվածքների զարգացմանը և կրթության որակի բարելավմանը։ Ներկայում ընթանում են օրենքի քննարկումները ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ՝ համապատասխան ընթակարգով Ազգային ժողով ներկայացնելու համար»,- ամփոփել է նախարարը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…