ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման նախագիծը քննարկվել է շահառու խմբերի հետ

Հուլիսի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների, մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:

Հանդիպմանը ներկայացվել են հանրային քննարկման դրված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծերը:

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման հիմնական սկզբունքներն ու դրույթները ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Նրանք փաստել են՝ նախագիծը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

Բանախոսները կարևորել են, որ նախագծերը մանրամասն քննարկվեն և ընկալելի լինեն նաև մասնագիտական հանրույթի ու քաղաքացիական հասարակության համար: «Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել բոլոր կարծիքներն ու առաջարկությունները և դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագծերը»,- ասել է հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Հանրակրթության վարչության պետը և ԿԶՆԱԿ-ի տնօրենը հանգամանալից պատասխանել են հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենին հետաքրքրել են փաստաթղթերի ներկայացման և ուսուցիչների համապատասխան հմտությունները փաստող վերապատրաստման վկայականների վերաբերյալ հարցերը: Ի պատասխան՝ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում վերանայվելու են նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք կբխեն ուսուցչի մասնագիտական զարգացման կոնկրետ կարիքներից: Նա առաջարկել է նախատեսվող բոլոր փոփոխությունները դիտարկել որպես մեկ ամբողջություն և փոխկապակցված գործընթաց:

Մասնակիցներին հետաքրքրել է նաև տարակարգին դիմելու համար անհրաժեշտ կամավոր ատեստավորման արդյունքների վերաբերյալ հարցը, որին ի պատասխան՝ Արտաշես Թորոսյանը տեղեկացրել է, որ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։ Նա նաև հավելել է, որ նախագծով տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին հնարավորություն է ընձեռվում դիմելու միանգամից այդ տարակարգի համար: Արտաշես Թորոսյանը ներկայացրել է նաև տարակարգի շնորհման հիմնական չափանիշները:

Մասնակիիցներին հետաքրքել է նաև, թե արդյոք սահմանամերձ և գյուղական համայնքների ուսուցիչները կարող են ապահովել նախագծերով սահմանված պահանջները՝ դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ հմտությունների կիրառման առումով: Ի պատասխան՝ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը փաստել է, որ ՀՀ կառավարության գերակայությունն է հանրապետության բոլոր աշակերտների համար ապահովել հասանելի և որակյալ կրթություն՝ անկախ բնակավայրից: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝ հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը: Նրա խոսքով՝ հավելյալ վարձատրություն կստանան նաև գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը շնորհակալություն են հայտնել հանդիպման մասնակիցներին շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ կրկին ընդգծելով, որ հնչած բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն:

Հիշեցնենք, որ նախագծերին կարելի է ծանոթանալ և ներկայացնել առաջարկություններ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումներով՝ https://www.e-draft.am/projects/4503, https://www.e-draft.am/projects/4505

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…