ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:
Մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նվիրված «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի իրականացմանը:
Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնեն, Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է, իսկ ծրագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների համար՝ գոհունակության առիթ:
«Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, որտեղ ներգրավված են Ժառանգության ազգային ինստիտուտը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը, որտեղ նույնպես ֆրանսիական կողմից մասնակցում է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում: Կարծում եմ, որ այս ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ պատասխանել ՀՀ կառավարության կողմից արծարծված հարցերին: Այն հնարավորություն է ընձեռում միավորելու ֆրանսիական այն հաստատությունները, որոնք պատասխանատու են ժառանգության ոլորտում: Այս ծրագրի իրականացումը համահունչ է նաև հայ հասարակության կարիքներին, մասնավորապես կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար»,- նշել է դեսպան Անն Լույոն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Նախարարը փաստել է, որ Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, և այդ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:
«Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար, մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ՝ անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներից ու դիրքորոշումներից։ Ծրագիրը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ուղղությունները՝ հիմնվելով ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների, լավագույն փորձի վրա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները փոխանցելու շատ բան ունեն։
Վահրամ Դումանյանի դիտարկմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է հայ-ֆրանսիական օրակարգը, ինչի համար առանձնակի շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը՝ անձամբ տիկին դեսպանին՝ իր նախանձախնդրության և հետևողական աշխատանքների համար:
«Լիահույս եմ, որ ծրագիրը կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր ու հնարավորություններ, մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ ծրագրեր և նոր նախաձեռնություններ իրագործելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և բոլորին շնորհավորել ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ուրախությամբ արձանագրել է, որ ծրագրի կրթական բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը: Կենտրոնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ պատասխանատու գործում վստահության համար և գոհունակություն արտահայտել ծրագրի գործնական փուլին անցնելու համար:
««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար չափազանց կարևոր փուլ է սկսվում: Էրեբունին Ուրարտուի՝ Արարատի թագավորության կարևորագույն հուշարձաններից մեկն է և մեր ազգային ու պետական ինքնության խորհրդանիշ. Էրեբունիից է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը, և այն չափազանց կարևոր տեղ ունի Հայաստանի և Հայաստանի հնագույն պատմության ընկալման համար: Նաև կարևոր է, որովհետև Էրեբունու շնորհիվ հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից իրականացված պեղումների արդյունքում ամրագրվեցին Երվանդունիների հետուրարտական ժամանակաշրջանի կարևորագույն կառույցներ, որոնք մեր պատմության չուսումնասիրված փուլերից մեկն է: Մեզ համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն»,- նշել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Տեղեկացնենք, որ մամուլի ասուլիսին նախորդել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի աշխատանքային խմբի մեկնարկային նիստը, որը բացառության կարգով վարել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նշենք, որ 600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:
Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ