ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայացել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը

Հուլիսի 14, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը ևս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանօրինակ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:

«ՀՀ կառավարությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ։ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում․ կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային և զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը։ Մի բան ակնհայտ է՝ կրթության զարգացումը պահանջում է մեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը և համագործակցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Այդ առումով այս միջոցառումն անչափ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին:

«Անասելի կարևոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: Այս համատեքստում կրթական համակարգերի փոխակերպումն առավել ընդգրկուն առաջընթացի բանալին է` միտված Օրակարգ-2030-ի և Կայուն զարգացման նպատակների միջոցով ավելի լավ ապագա ունենալուն»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

«Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչև Քովիդը, իսկ համավարակի հետևանքով էլ ավելի խորացավ: Այն առավել բացասական է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման և բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաև օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ. «Երիտասարդներն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, և նրանց կարծիքը կարևոր է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական դրույթները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջադրվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում և այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարևորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը:

«Այս միջոցառումը կարևոր է երկու առումով՝ առաջինը Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ հանձնառությունների ձևակերպման տեսանկյունից, և երկրորդը՝ որպես հերթական հարթակ՝ մասնակցային և ժողովրդավարական գործընթացներին համահունչ սնուցելու կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Կրթության ռազմավարության ընդունումից հետո ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաև ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաև այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

«Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպման օրակարգը և նպատակները։ Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառա­կան, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:

Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական նյութերում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցել է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…