ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ներկայացուցիչը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ. հայտնի են ամփոփիչ արդյունքները

Հուլիսի 18, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։

Պատվավոր առաջին տեղը գրաված մասնակիցներին օլիմպիադայի ոսկե մեդալները հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ տեղը նվաճած մասնակիցներին արծաթե մեդալները հանձնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ երրորդ տեղը գրաված աշակերտներին բրոնզե մեդալներով պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Ընդհանուր առմամբ շուրջ 145 ԿՄՕ մասնակիցներ, ըստ ցուցաբերած բարձր արդյունքների, միջազգային ժյուրիի գնահատման արդյունքներով նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին ուղղած ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել ԿՄՕ մասնակիցներին և նպաստել կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը:

«Անկախ մրցույթի անհատական արդյունքներից՝ ձեր մասնակցությունը վկայում է, որ դուք ուժեղագույններն եք աշխարհում։ Բացի դրանից՝ ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք օգնելու են ձեզ ձեր հետագա գործունեության ժամանակ»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։

«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան էլ երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացմանն աջակցություն ցուցաբերելու, կազմակերպելու և անցկացնելու համար։ Մացուդայի համոզմամբ՝ գործադրված բոլոր ջանքերը հաջողությամբ են պսակվել։

«Սիրելի՛ մասնակիցներ, Հայաստանում ձեռք բերած ընկերների մեծ ցանցը կարող եք օգտագործել ձեր հետագա հետազոտություններում։ Դուք եք կենսաբանության ապագա մասնագետները։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, լիահույս եմ, որ այս միջազգային օլիմպիադան կբարելավի ձեր կյանքը»,- նշել է Րիոչի Մացուդան։

Ընդունված արարողակարգի համաձայն՝ տեղի է ունեցել Կենսաբանության միջազգային օլիմպիադայի գավաթի փոխանցումը։

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան բեմ է հրավիրել օլիմպիադայի կազմակերպիչներին և հայտարարել, որ 2023 թվականին օլիմպիադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար, ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն օլիմպիադայի գավաթը հանձնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչներին։

Փակման հանդիսության ընթացքում ամփոփվել են նաև Երևանի պետական համալսարանում հուլիսի 16-ին տեղի ունեցած «Միջազգային խմբային աշխատանք» գիտական մրցույթի արդյունքները։ Հաղթողներին տրվել են խրախուսական մրցանակներ։ Այս նախագծի շրջանակում ՀՀ ներկայացուցիչ Մանե Կուրղինյանը («Հերացի» ավագ դպրոց) արժանացել է մրցանակի:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում էր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր։

Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին անգամ: Ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։ Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)