ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարզաբանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

Հուլիսի 20, 2022
Պաշտոնական

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում :

Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանում է բազմաթիվ հարցադրումներ քաղաքացիներից և վերապատրաստող կազմակերպություններից առ այն, թե որն է համարվում մանկավարժական և հանրային կառավարման ստաժ:

Պարզաբանումը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող քաղաքացիների համար օրենքի պահանջների հստակեցումը:

Իրավական ակտի ուժ ունեցող պարզաբանմամբ ներկայացվել են այն իրավակարգավորումները, որոնցով սահմանվում են «մանկավարժական աշխատանքի» և «հանրային կառավարման ոլորտի» ստաժ հասկացությունները:

Ըստ այդմ` մանկավարժական աշխատանքի ստաժում հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշմամբ, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

Պարզաբանման մեջ արձանագրվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, վերջինս մանկավարժական աշխատող է: Օրենքի տրամաբանությամբ` հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության (քաղաքացիական ծառայություն և համայնքային ծառայություն) աշխատանքային ստաժը:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն