ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությանը

Հուլիսի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ այսօր «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Երիտասարդական խորհրդակցության նպատակն էր բացահայտել Հայաստանում կրթության և դրա կազմակերպման միջավայրի հետ կապված արդի խնդիրները և մշակել ընդհանուր տեսլականը, ինչպես նաև գործողությունների պլանը՝ արագացնելու կրթության առաջընթացը 2030 թվականի օրակարգի շրջանակում: Այն կազմակերպվել է նաև՝ ի նպաստ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կայանալիք «Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովին ՀՀ կրթական առաջնահերթությունները սահմանելու և ներկայացնելու գործընթացի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով հանդիպման ձևաչափը. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս հանդիպման կազմակերպմամբ կրթության վերափոխման գործընթացում կարևորում ենք երիտասարդության դերը, քանզի կրթության զարգացումը առաջին հերթին իրականացվում է հենց իրենց՝ երիտասարդների համար։ Եվ այստեղ շատ կարևոր է պահել և զարգացնել հետադարձ կապը նրանց հետ, որպեսզի կրթության վերափոխման ողջ գործընթացի ժամանակ հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն քայլի, մեթոդի և գործիքակազմի ազդեցությունը լսարանի վրա»: Փոխնախարարը կոչ է արել ակտիվ մասնակցել քննարկումներին, անկաշկանդ արտահայտել տեսակետները: Նա կարևորել է երիտասարդների ներգործուն մասնակցությունը նաև մինչև 2030 թ. ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի մշակման գործընթացում, ինչը կօգնի կրթության վերափոխումն առավել սահուն և անցնցում կազմակերպելուն։

Ըստ փոխնախարարի՝ ներկայիս գլոբալ մարտահրավերներով պայմանավորված՝ այսօր ողջ աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, և այդ ամենն իր անկասելի անդրադարձն է ունենում նաև կրթական համակարգի փոխակերպման և վերաձևման վրա։ Որպես օրինակ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կրթական համակարգին առաջադրվող մարտահրավերները, որոնց արդյունքում հեռավար կրթության լայն կիրառումը նորովի առաջ է քաշել կրթության վերափոխման արդիականացման անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով հազարավոր հայ երեխաների կրթության իրավունքի իրացման դաշտում առաջացած խնդիրները:

Խորհրդակցության մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

«Բոլորս գիտենք՝ որոնք են կրթական ոլորտի խնդիրները, և ձեր այսօրվա հանձնառությունն է գտնել դրանց լուծումները՝ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի կրթական համակարգի բարեփոխումների գործընթացին»,- ասել է Լիլա Փիթրս Յահիան:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է երիտասարդների հետ քննարկումները՝ ընդգծելով, որ կրթության վերափոխումը սկսվում է երիտասարդներից՝ որպես փոփոխության առաջամարտիկներ: Ըստ նրա՝ խորհրդակցության հիմնական գաղափարն է՝ «ոչ մի գործողություն մեր մասին՝ առանց մեր մասնակցության»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ համաճարակի ազդեցությունը կրթության կազմակերպման վրա, կրթական մեթոդները և կրթության պատասխանատուների դերի վերաիմաստավորումը, թվային գործիքների կիրառումը և դպրոցների՝ որպես առողջ և ներառական միջավայրի բարելավումը։

Խորհրդակցության արդյունքներն օգտագործվելու են ՀՀ կրթության բարեփոխման ոլորտում Կառավարության հանձնառությունների շրջանակը հստակեցնելու և սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովում այն ներկայացնելու համար։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)