ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 24, 2022
Սպորտային լուրեր

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերում 133 մարդ է մասնակցել:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու:

Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո ևս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սևանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և մասնավորապես այս՝ արևելյան ափի պոտենցիալի վրա, նաև, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաև ինքնադրսևորվեն, հնարավություն ունենան իրենց ուժերը փորձարկելու»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ, նախքան «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին անդրադառնալը, հայտնել է՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 9 մարզաձևերից մեր պատանիները, երիտասարդներն ու մեծահասակները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 61 մեդալ. «Այս տարի՝ մինչև այս պահը, 174 մեդալ են նվաճել մեր մարզիկները, որոնցից 61-ը՝ ոսկե: Սա, թերևս, լավագույնս կբնորոշի հայկական սպորտի վիճակը: Առաջիկայում մենք դեռ բազում մրցաշարեր ունենք, և ես վստահ եմ, որ այս տարի մենք մեդալների բացարձակ ռեկորդ ենք ունենալու: Շնորհակալություն ՀՀ կառավարությանն ու բոլոր նրանց, ովքեր նպաստում են այս հաղթանակների կայացմանը»:

Խոսելով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի մասին՝ Կարեն Գիլոյանը նշել է՝ Սևանա լճում անցկացվող մրցաշարի համար 133 մասնակիցն իսկապես լավ թիվ է. «Չէինք սպասում, որ այսքան մասնակից կունենանք քաղցրահամ Սևանում: Խանդավառությունը մեծ է, կա տոնական տրամադրություն: Վստահ եմ՝ մրցաշարը կծառայի իր նպատակին: Վստահ եմ՝ հետագայում կավելացնենք մեր մասսայական մրցաշարերի մասնակիցների քանակը ու կունենանք ավելի առողջ Հայաստան»:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1500 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Նալթակյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Ստեփան Ադամյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը պարգևատրել է նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 81-ամյա Հակոբ Թութանջյանին և 73-ամյա Հասմիկ Քանքանյանին: Նրանք Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են հուշանվերի և շնորհակալագրի: Վարչապետի հանձնարարականով մրցաշարի ամենատարեց մասնակիցները նաև 200-հազարական դրամ մրցանակ կստանան:

Կանանց առաջին տարիքային խմբում (18-36 տարեկան) 1000 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել գյումրեցի Անի Ավետիսյանը՝ արժանանալով 1 մլն դրամ մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Պողոսյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

41 և բարձր տարիքի տղամարդկանց խմբի հաղթողի կոչմանն էլ արժանացել է 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է 52-ամյա Արմեն Հանեսօղլյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 66-ամյա Վիկտոր Խուդավերդյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

36 և բարձր տարիքի կանանց պայքարում առաջին տեղն է զբաղեցրել 52-ամյա Մարգարիտա Խոստիկյանը, երկրորդ տեղն է գրավել Գոհար Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուզաննա Հովասափյանը: Նրանց պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 քաղաքացի է մասնակցել՝ 6 կին և 12 տղամարդ: Յուրաքաչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար շնորհակալագրերի են արժանացել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գեղարքունիքի մարզպետարանն՝ ի դեմս մարզպետ Կարեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԻՆ նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամ մրցանակով: Առհասարակ, դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Երկրորդ տեղի համար սահմանված է 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…