«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով կրթության իրավունքի խախտման և ներկայում ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասները:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ խնդիրների հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից: Նրա խոսքով՝ ընդհատվել է շուրջ 25 հազար դպրոցահասակ և ավելի քան 6000 նախադպրոցական տարիքի երեխաների կրթության իրավունքը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու անվտանգության ապահովման խնդիրը՝ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 172 դպրոցներին նախորդ շաբաթ տրամադրվել է հարկադրված արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ շաբաթ այս բնակավայրերի ուսհաստատությունները չեն գործել, սակայն այսօրվանից ուսումնական գործընթացը վերականգնվել է:
«Մենք հետևել ենք գործընթացին և մեր գործընկերների հետ կապի մեջ լինելով՝ որոշել ենք, որ երեք մարզերի դպրոցներն երկուշաբթի օրվանից կվերականգնեն իրենց աշխատանքները: Այն դպրոցներում, որտեղ անվտանգության ապահովման տեսանկյունից կա համապատասխան հնարավորություն, դասապրոցեսը կկազմակերպվի առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ առկա ուսուցման հնարավոր չէ վերադառնալ, կրթությունը կիրականացվի հեռավար ձևաչափով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց (հիմնականում՝ Վարդենիսի տարածաշրջանում), իսկ Վայոց ձորում՝ 3 դպրոց. մնացած դպրոցներում դասերը կընթանան բնականոն հունով` առկա ձևաչափով: Սյունիքի մարզում առկա ուսուցման կանցնի 5 դպրոց. մնացած դպրոցներում դասերը կլինեն հեռավար:
«Ցավոք, ոչ միայն համավարակի հետևանքով մեր դպրոցները կուտակել են հեռավար կրթության փորձառություն. ապրիլյան պատերազմի հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքների դպրոցներն անցում էին կատարել հեռավար կրթության, որի ընթացքում ուսհաստատություններն ապահովվել էին անհրաժեշտ սարքավորումներով: Այս պահին դպրոցների կարողությունները բավարար են, սակայն մենք խնդիր ունենք օր առաջ վերադառնալ առկա ուսուցման՝ իհարկե, առաջին հերթին հաշվի առնելով անվտանգային իրավիճակը»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ ժամանակավոր տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաների ուսուցումն այս միջանկյալ ժամանակահատվածում կիրականացվի հեռավար՝ այդ ընտանիքներին մեծ անհարմարություն չպատճառելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վերոնշյալ բնակավայրերում նախադպրոցական հաստատությունները հիմնականում չեն գործում. Սյունիքի մարզի շատ բնակավայրերում դրանք աշխատում են:
Նախարարի տեղակալը մանրամասնել է, թե ինչու է որոշում կայացվել այլևս չերկարաձգել արձակուրդը, այլ անցնել հեռավար ուսուցման. «Սա հետագայում խնդիրներ է առաջացնում երեխաների ծանրաբեռնվածության և դպրոցի աշխատանքների կազմակերպման առումով, սակայն այս օրերին դպրոց գնալը կարևոր է նաև երեխաների սոցիալական հաղորդակցման, հոգեբանական աջակցության և սթրեսային իրավիճակի հաղթահարման տեսանկյունից: Դպրոցները շատ կարևոր գործառույթ են իրականացնում ամբողջ երկրում, որովհետև երեխաներն ունեն բազում հարցեր, դրանց պատասխաններն իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ քննարկելու և շփվելու կարիք»,- նշել է փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ դեռևս 2020 թվականի պատերազմից հետո գործընկերների աջակցությամբ բոլոր դպրոցների ուսուցիչներն անցել են վերապատրաստման ծրագիր՝ երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Բացի դրանից, ըստ Ժաննա Անդրեասյանի, բոլոր մարզերում գործում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք անհրաժեշտության դեպքում կցուցաբերեն համապատասխան օգնություն. «Մենք խիստ կարևորում ենք հոգեբանի աշխատանքը, այդ նպատակով ֆինանսավորման նոր կարգով բոլոր դպրոցներում այս հաստիքը պարտադիր ենք դարձրել»:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու համայնքների՝ Սոթքի և Այրքի դպրոցների շենքերը վնասվել են. «Բնականաբար, շատ արագ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ՝ պատճառված վնասի վերացման ուղղությամբ, սակայն խիստ մտահոգիչ է, որ թիրախավորվել են ուսումնական հաստատություններ, ինչն անթույլատրելի է և միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր նորմերի ու կոնվենցիաների խախտում է»,- փաստել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ այս տվյալները ԱԳՆ-ի միջոցով փոխանցվել են միջազգային կառույցներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ