ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, և այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև աջակցելու առումով: Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:
«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, և այս առումով կարևորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը: Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, և նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաև մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի որպես անձ՝ տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն և երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ վստահեցնելով, որ առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել:
Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ: Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը և ուսումնական առաջադիմության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։
«Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները․ ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության և ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման և տարածման հնարավորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաև Մանկավարժական համալսարանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ