ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Հոկտեմբերի 3, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նա հիշեցրել է, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Ըստ փոխնախարարի՝ նոր նախագծի ներկայացումը մի փոքր հետաձգվել է՝ ՀՀ կառավարության կողմից «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» ընդունման հետ կապված, որից պետք է բխեն ոլորտի հիմնական օրենքները:

Անդրադառնալով օրենքի նախագծի հիմնական դրույթներին՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում անցում կկատարվի եռաստիճան համակարգի, իսկ գիտական աստիճանաշնորհման ներկայիս երկաստիճան համակարգից՝ անցում միաստիճան համակարգի։ Մասնավորապես նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ ըստ նախագծի՝ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության բեռնվածությունը: Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև ուսանողների և դասախոսների ներքին շարժունության հարցերին:

Հաջորդ դրույթը վերաբերել է համատեղ կրթական ծրագրերի իրականացման և համատեղ որակավորման շնորհման հարցերին: Սահմանվել է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Անդրադառնալով կրթական ծրագրերի հավատարմագրման դրույթին՝ Կարեն Թռչունյանը փաստել է, որ նոր կարգավորմամբ ամրագրվել է՝ բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։

«Եթե մեկ անգամ ծրագիրը չի անցնում հավատարմագրում, ապա բուհին հնարավորություն կընձեռվի որոշակի ժամկետում բարելավել այն և կրկին դիմել: Եթե սահմանված ժամկետում ծրագիրը նորից չի անցնում հավատարմագրում, ապա այն զրկվում է լիցենզիայից: Այդ դեպքում, իհարկե, տեղի կունենա կրթական ծրագրերի խոշորացում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ հավատարմագրման և նախահավատարմագրման կարգերը համահունչ կլինեն լիցենզավորման կարգին՝ որակյալ կրթություն տրամադրելու նպատակով:

Կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի մասով Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ լիցենզավորման համար՝ որպես հիմք, նախատեսվում են նոր պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն սահմանված վերջնաարդյունքներին:

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացման դրույթի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ ներկայում չի թույլատրվում օտար լեզվով կրթություն կազմակերպել: Նոր կարգավորմամբ՝ ամբողջական կրթական ծրագիրը լինելու է հայերեն, սակայն առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը բարձրագույն կրթության միջազգայնացման կարևոր նախապայման է։

Անդրադառնալով բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրման հարցին՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որ ընդունելության քննությունները վերանան, և դրանք անցկացվեն կրեդիտների փոխճանաչմամբ, ինչպես զարգացած մի շարք երկրներում:

«Բայց քանի որ ավագ դպրոցը դեռ չունի կրեդիտային համակարգ, առայժմ չենք կարող դա անել: 2026 թ. մայիսին կրեդիտային համակարգով կավարտեն առաջին աշակերտները, և միայն այդ ժամանակ կարող ենք ունենալ առաջին փորձնական հնարավորությունը՝ առանց քննությունների ընդունելություն՝ բուհերի կողմից համապատասխան կրեդիտների ճանաչմամբ»,- փաստել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ օրենքի հիմնական թիրախներից մեկը վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը. «Մենք իրավական հնարավորություն և լիազորություն ենք ստեղծում, որպեսզի բուհերի ֆինանսավորման մեխանիզմները փոփոխվեն: Հիմա բուհերը ֆինանսավորվում են ուսանող-դասախոս հարաբերակցությամբ: Նոր կարգավորումը ենթադրում է բազային և կատարողական ցուցանիշների հիման վրա ֆինանսավորում՝ նոր բանաձևով»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ փոխվել են նաև ուսանողներին տրվող աջակցության ձևերը: Մասնավորապես սահմանվել են հետևյալ աջակցության ձևերը՝ նպաստ, որը կտրվի սոցիալապես խոցելի և այլ առանձին խմբերի ուսանողներին, և պետական կրթաթոշակ, որը կտրամադրվի միայն բարձր առաջադիմության դեպքում:

Անդրադառնալով բուհի կառավարման մոդելին՝ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ կառավարման խորհուրդների անդամների թիվը սահմանվել է 12, որոնցից 6-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը, 6-ին՝ նշանակում համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:

«Ներկայում ունենք բուհերի խոշորացման ծրագիր, և բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով, ըստ նախագծի, այս բուհերում լիազոր մարմնի ղեկավարը մինչև հինգ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորներ և կձևավորի 12 անդամից կազմված կառավարման ժամանակավոր խորհուրդներ՝ նշանակելով խորհրդի նախագահներ, մինչև պետությունը կներդնի որակի համապատասխան չափանիշներ»,- նշել է նա:

Գիտության ոլորտում հիմնական խնդիրը, ըստ փոխնախարարի, վերաբերել է ակադեմիայի կարգավիճակին (գիտական, գիտահետազոտական ինստիտուտներ):

«Նոր նախագծով մենք առաջարկում ենք, որ ակադեմիան պահպանի իր կարգավիճակը, որն իր կազմում կմիավորի ակադեմիայի անդամներին, բաժանմունքները, աշխատակազմը և համակարգի կազմակերպությունները: Ակադեմիայի գործառույթներից են գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև սահմանված կարգով մասնագիտական և փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: Բարեփոխումների շրջանակում այս նոր համակարգով կընդլայնվեն նաև Գիտության կոմիտեի լիազորությունները: Ունենք նաև ինստիտուտների խոշորացման խնդիր. ակադեմիական ինստիտուտները և բուհերը պետք է գործեն ավելի սերտ համագործակցությամբ, որի արդյունքում բուհերում կմեծանա հետազոտական բաղադրիչը: Այս նպատակով բազային ֆինանսավորման պահանջները որոշակի չափով կփոխվեն»,- շեշտել է նախարարի տեղակալը:

Կարեն Թռչունյանի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրան, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասախոսների ներքին շարժունության, կրեդիտների կուտակման և միաստիճան համակարգի ռիսկերի, կրթական ծրագրերի, գիտնականների կատարելագործման և խրախուսման մեխանիզմների, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, կրթական ծրագրերը օտար լեզվով դասավանդման, ուսանողական կրթաթոշակի խնդիրներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)