ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շիրակի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները կհամալրվեն սարքավորումներով

Հոկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:

Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 3000 երեխա:

Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին և «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» նախագահ Արսեն Պապոյանը ստորագրել են «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը` շարունակական աջակցության և ներդրած ջանքերի համար: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով կրթության որակի բարելավումը, այժմ բարեփոխումների ակտիվ փուլում է և սահմանել է հստակ թիրախներ:

«Ճապոնիայի կառավարության այս նախաձեռնությունն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ կրթական համակարգում ստեղծելու բարենպաստ պայմաններ, որի շահառուներն այս դեպքում Շիրակի մարզի մեր երեխաներն են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից վստահություն է հայտնել՝ նոր սերունդը մեծ ներուժ ունի, և նրա համար պետք է ստեղծվեն լավ պայմաններ. «Լիահույս ենք՝ այս ծրագիրը կնպաստի տարածաշրջանում կրթության որակի և երեխաների բարեկեցության բարելավմանը»:

Ծրագիրը կարևորել և աջակցության համար շնորհակալություն են հայտնել նաև «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» ներկայացուցիչները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն