Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-30-ը կայացել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Համաժողովին մասնակցել են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է խնդիրների քննարկումը՝ առանց որոնց անհնարին կլինի ապահովել կրթության որակի բարելավումը:
«Սոցիալական արդարության գաղափարը շատ բազմաշերտ երևույթ է. դրան կարելի է մոտենալ տարբեր կողմերից, որոնք բոլորն էլ իրենց տեղը, ճշմարտությունը և ազդեցությունն ունեն կրթական գործընթացի վրա։ Ինքս դեռ շատ վաղուց հետաքրքրվել եմ սոցիալական արդարության թեմայի ուսումնասիրությամբ: Կարծում եմ՝ բոլորս առնչվում ենք մի երևույթի, երբ երեխաները, դպրոց գնալուց որոշ ժամանակ անց, սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները։ Հանդես գալով նախարարության դիրքից՝ պետք է նշեմ նաև, որ մեր անելիքն է հասկանալ, թե որքանով են պետության ձեռնարկած քայլերը և անելիքները սոցիալապես արդար»,- նշել է նախարարի տեղակալը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանրակրթության նոր չափորոշչի առաջնային խնդիրներից մեկը սոցիալապես ավելի արդար կրթական համակարգ ունենալն է. «Նոր չափորոշչում սոցիալական արդարությունը դրսևորվում է բոլոր դպրոցներում նույն պայմանների և նույն հնարավորությունների ապահովման պահանջի տեսքով։ Սա արդարության ապահովման ամենակարևոր նախապայմաններից է։ Սոցիալական հավասարության խնդրի արտահայտման ամենատարրական օրինակը կարելի է տեսնել ավագ դասարաններում, երբ որոշ դպրոցներ, ի տարբերություն մյուսների, ունեն այլ՝ առավել բարենպաստ միջավայր և հնարավորություններ։ Խոսքն ավագ դպրոցներում սովորող աշակերտների համար հոսքային ուսուցման հնարավորության մասին է, որից զրկված են միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները։ Սա ամենապարզ ու տարրական օրինակներից է, թե ինչպես կարող է պետական քաղաքականության մակարդակում լինել տարբերակված մոտեցում, որն իր հերթին բերում է անհավասարություն ու անհամաչափություն, ինչն էլ հիմք է հանդիսանում ոչ արդար կրթական համակարգի և պայմանների ձևավորմանը։ Նոր չափորոշիչն այս խնդիրը լուծում է՝ նույն մոտեցումը հասանելի դարձնելով մեր բոլոր դպրոցների ու երեխաների համար»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, որպես օրինակ, անդրադարձել է նաև բազմահամակազմ դասարաններին։ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ է համարել այն փաստը, որ փոքրաթիվ երեխաներ ունեցող բնակավայրերում աշակերտները տարիներ շարունակ ստիպված են եղել իրենց կրթությունն իրացնել այլ դասարանների երեխաների հետ, որի հետևանքով ուսուցիչը նրանցից յուրաքանչյուրին կարողանում է հատկացնել շատ ավելի քիչ ժամանակ, քան դա հնարավոր է անել մյուս դպրոցներում. «Սա իր հերթին անհավասարության մեկ այլ՝ շատ վատ ցուցիչ է և բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա։ Մենք հրաժարվում ենք բազմահամակազմ դասարաններում դասեր անելու մոտեցումից՝ պնդելով, որ մեր երկրի բոլոր երեխաների համար պետք է ունենանք կրթության նույն հնարավորությունները։ Կան խնդիրներ, որոնք շատ տեսանելի են բոլորիս համար, բայց կան իրավիճակներ, որոնց մենք հարմարվում ենք` դադարելով դրանք նկատել և մտածում ենք՝ այդպես էլ պետք է լիներ։ Կարծում եմ՝ անարդար իրավիճակի ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց այն է, երբ խնդիրները դառնում են անտեսանելի»։
Նախարարի տեղակալն ընդգծել է` ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը. «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունենք։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք խնդիրները, որոնք շատ են»։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչների գործունեության մեջ անարդարությունը դրսևորվում է, օրինակ, գնահատման համակարգի միջոցով:
«Տեսնում ենք, թե ինչպես գնահատման համակարգը նույնպես կարող է դառնալ անարդար իրավիճակների ձևավորման շատ ուղիղ հիմք և գործոն։ Այս բոլոր ուղղություններով ունենք բազում անելիքներ։ Անշուշտ, շատ կարևոր է, որ սոցիալապես արդար քաղաքականությունն ուղղված լինի նաև ուսուցիչներին։ Այս առումով այժմ մշակում ենք շատ կարևոր փաստաթուղթ՝ հենվելով հենց ուսուցչական կազմակերպությունների և նրանց հետ աշխատանքի վրա։ Խոսքը բարեվարքության կանոնների մասին է։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի կարիքը բոլորս տեսնում ենք, բայց այն պետք է մշակենք ուսուցիչների հետ միասին։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համատեղ աշխատել, որպեսզի այս առումով ևս առաջընթաց ունենանք»,- խոսքն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Համաժողովի անցկացումը նախաձեռնել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպությունը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։
«Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որը կրում է «Հավասարություն և հնարավորություն բոլորի համար» խորագիրը, նպատակ ունի հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, մանկավարժական առաջավոր փորձի և հաջողված լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին:
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել են նաև «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Իրինա Ալեվերտը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։
Սոցիալական արդարության վրա հիմնված կրթությունը, ըստ կազմակերպիչների, առաջնորդվում է 4 հիմնական սկզբունքներով՝ հավասար հասանելիություն և մատչելիություն բոլոր երեխաների համար, իրավունքների պաշտպանվածություն և փոխկապակցվածություն՝ անկախ գտնվելու վայրից, որակյալ կրթություն բոլորին, ինչպես նաև երեխայակենտրոն մոտեցում։
Համաժողովի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ և սեսիաներ՝ հանրակրթության բնագավառում սոցիալական անարդարության, բուլլինգի կանխարգելման, դպրոցական սննդի ապահովման կարևորության, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների դպրոցական կրթության իրականացման և այլ թեմաներով։ Անցկացվել են առցանց միացումներ միջազգային բանախոսների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։ Պանելային քննարկումներին մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ