ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը Կառավարության աջակցությամբ էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ կունենա

Նոյեմբերի 16, 2022
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:

«Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում և գրավեց երկրորդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին և խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ և համակարգիչներ: Շատ վաղուց էլեկտրոնային ժամացույցներ ձեռք չէին բերվել, իսկ առանց ժամացույցի շախմատ չեն խաղում: Դրա հետ մեկտեղ, ձեռք են բերվելու գերհզոր համակարգիչներ, որպեսզի մեր շախմատիստները կարողանան իրենց վերլուծությունները հնարավորինս կարճ ժամկետում կատարել: Դրանք շատ կօգնեն, որպեսզի շախմատիստները կարողանան բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը, մարզավիճակը և նորանոր հաղթանակներ գրանցեն»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Ներկայում շախմատային վերլուծություններն արվում են հզոր սերվերների միջոցով, որոնք հաշված րոպեների կամ ժամերի ընթացքում մոնիտորինգի դիտարկման արդյունքներ և ամփոփ տվյալներ են գեներացնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ հայ շախմատիստներն այդ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն. «Հայաստանի կառավարությունը հոգացել է, որ այդ բավական թանկ հաճույքից ևս մեր ամենաուժեղ շախմատիստներն օգտվեն: Այսպիսով մեր ուժեղագույններն այլևս ժամանակի խնդիր չեն ունենա, կկարողանան ամենակարճ ժամկետներում կատարել իրենց տնային աշխատանքը և կազմ ու պատրաստ ներկայանալ մրցումներին»:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանի խոսքով՝ նախատեսվում է՝ ձեռք բերվող 10 համակարգիչներից 3-ը լինեն գերհզոր. «Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն և կնախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները»,- նշում է Հրաչիկ Թավադյանը և հավելում, որ այս տարի 125 երեխա է ընդունվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային ժամացույցներին, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասում է՝ դրանք պետք է հաստատված լինեն Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից, հակառակ դեպքում ՖԻԴԵ-ն կարող է չճանաչել այն մրցաշարերի արդյունքները, որոնք անցկացվել են իրենց կողմից չհաստատված ժամացույցներով:

«Վերջին ժամացույցները՝ շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաև օնլայն տախտակներ և 100 հատ շախմատ էր ներառված»,- պատմում է Թավադյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարվա ընթացքում պատանի, երիտասարդ և մեծահասակ շախմատիստները գոհացնող արդյունքներ են գրանցել. «Տղամարդկանց մեծահասակների հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում այս տարի հավասար միավորներով զբաղեցրեց երկրորդ տեղը, Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը կիսեց 1-2-րդ հորիզոնականները, մեր մարզադպրոցի սանը՝ Մարիամ Մկրտչյանը, դարձավ աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն, մյուս սանն էլ երրորդ տեղը գրավեց: Կարծում եմ՝ այս տարվա արդյունքներն իսկապես գոհացնող են, բայց, անկասկած, նոր համակարգիչների ու էլեկտրոնային ժամացույցների ձեռքբերման ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ու անպայմանորեն նպաստելու է էլ ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կատարած ներդրումները միանգամայն արդարացված են և պետք է շարունակական լինեն. «Երբ գումար է տրամադրվում և կա արդյունք, մոտեցումն անպայման պետք է շարունակական լինի, որպեսզի արդյունքներն ավելանան: Հայաստանի կառավարությունն այսօր իր վրա է վերցրել սպորտային ծախսերի գրեթե ամբողջ մասը: Ինչպես տեսնում եք, արդյունքները տեսանելի են: Իհարկե, կան հատուկենտ մարդիկ, կազմակերպություններ, որոնք սիրում են սպորտն ու հովանավորում, աջակցում են հայկական սպորտին, որը շատ շնորհակալ և կարևոր գործ է: Ես անչափ շնորհակալ եմ նման մարդկանց, բայց դա տարերային և ոչ համակարգված բնույթ ունեցող գործընթաց է:

Ոլորտի հիմնական խնդիրների նկատմամբ ամենակարևորը պետական հոգածությունն է, որը կա»,- եզրափակում է Կարեն Գիլոյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)