ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աննախադեպ պետական աջակցություն՝ ֆուտբոլի զարգացմանը. 2,5 մլրդ դրամ 4 նոր դպրոցի կառուցման համար

Դեկտեմբերի 29, 2022
Սպորտային լուրեր

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ այս կերպ շարունակվում է Կառավարության քաղաքականությունը մարզական նշանակության շինությունների կառուցման և վերանորոգման ուղղությամբ:

«Ֆուտբոլի զարգացմանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նմանօրինակ ծավալի պետական աջակցություն երբևէ չի եղել, և սա, իսկապես, աննախադեպ է: Ակնկալվում է, որ Հայաստանի երեք մարզերում և Երևան քաղաքում կսկսեն գործել միջազգային չափանիշներին համապատասխանող բնական կամ արհեստական խաղադաշտերով մարզադպրոցներ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կապահովվի մարզադպրոցների և խաղադաշտերի հասանելիությունը ֆուտբոլով զբաղվել ցանկացող ինչպես տղա, այնպես էլ աղջիկ երեխաների համար: Ակնկալում ենք, որ կստեղծվեն մանկապատանեկան ֆուտբոլի բարձրակարգ թիմեր, որոնք կմասնակցեն ՀՀ տարբեր տարիքային առաջնություններին, աշխատանքով կապահովվեն բարձր որակավորում ունեցող մարզիչները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ դրամ, որից այս նախագծով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կհատկացվի միջոցների 50%-ը՝ 2.5 մլրդ դրամը:

Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը նախատեսվում է կառուցել Դավիթաշեն համայնքում՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունն ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Ընտրվել է 4 հա մակերեսով հողատարածք:

ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող մոտ 1,7 հա մակերեսով հողակտորը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից: Կա նաև պայմանավորվածություն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում:

ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագիծը, նշել է, որ կառուցվող նոր մարզադաշտերում հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի ակումբային առաջնության հանդիպումներ, ինչպես նաև խաղեր Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների մասնակցությամբ:

«Այս ծրագրի հաջողությունը շատ կարևոր է մեզ համար: Այն տեղավորվում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության նպատակների մեջ, որտեղ մենք շեշտադրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է լինի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր: Կարծում եմ՝ այս նպատակի իրագործման կարևոր նախապայմաններից մեկը ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվը ավելացնելն է: Բարձր մակարդակի հավաքական հնարավոր է ունենալ, երբ ֆուտբոլային մասնագետները ֆուտբոլիստների ընտրության ավելի լայն հնարավորություն են ունենում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ֆուտբոլային խաղեր դիտելը քաղաքային մշակույթի կարևոր մաս են կազմում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի ավելի մեծ թվով քաղաքներում հիշարժան ֆուտբոլային խաղեր տեղի կունենան, որոնք կփոխեն տվյալ քաղաքների ընդհանուր մթնոլորտը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ հայկական ֆուտբոլի համար սա աննախադեպ իրադարձություն է.

«Կառավարությունը Երևանում ու մարզերում ֆուտբոլի զարգացման, ենթակառուցվածքների կառուցման համար երբևէ նմանօրինակ ծավալով աջակցություն չի տրամադրել: Վերջին 2 տարվա ընթացքում ՈՒԵՖԱ-ի և սեփական միջոցներով ՀՖՖ-ն մարզերում 90 փոքր դաշտեր է կառուցել, հիմնականում՝ գյուղական համայնքներում: Արդեն պատրաստ է Վանաձորի մարզադաշտը, Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան, լուսավորության համակարգեր ենք տեղադրել Գյումրիում, Աբովյանում: Ամբողջովին վերանորոգել ենք Աբովյանի մարզադաշտը: Երևանում բացվելու է Խորեն Հովհաննիսյանի անվան դպրոցը:

ՀՖՖ ռազմավարական նպատակն է ունենալ 6-18 տարեկան 10 հազար ֆուտբոլիստ, որոնք խաղում են Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում: Այս պահին այդ թիվը 8 հազար է, մինչև 2025 թվականը մենք կհասնենք այդ ռազմավարական նպատակին»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը՝ հավելով, որ Հայաստանի բոլոր մարզերում պետք է հիմնվեն ֆուտբոլային ակադեմիաներ կամ դպրոցներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)