ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ստեֆանի Գիհարդ-Բրենդը, նախարարության և Եվրամիության ներկայացուցիչներ:
Ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրամիության գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› մշակման, հաստատման, ինչպես նաև հետագա իրականացման փուլերում:
«Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ այս տարին սկսում ենք համատեղ կրթական երկխոսությանը նվիրված այս միջոցառմամբ: Սա նշանավորում է այն ջանքը, որն արդեն իսկ ներդրել ենք նախորդ ժամանակահատվածում Հայաստանի կրթական համակարգում զարգացում ապահովելու համար: Այս առումով հատկապես կարևորում եմ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› իրագործման առումով: Համատեղ աշխատանքի արդյունքում ունենք ԱԺ-ի կողմից հաստատված և արդեն որպես օրենք գործող ծրագիրը: Հաջորդաբար կարևոր է նաև գործողությունների պլանը, որը պարունակելու է չափելիություն և ֆինանսական գնահատականը. այն մեզ թույլ է տալու առաջիկա տարիներին հստակ պատկերացնել մեր անելիքների քարտեզը: Անգնահատելի է այն աջակցությունը, որը ստացել ենք Եվրամիության մեր գործընկերներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի և շարունակական աջակցության համար:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ռազմավարության հաստատումը բացում է անելիքների ամբողջական շղթան, որի շուրջ պետք է աշխատել և կառուցել հետագա համագործակցությունը՝ դրանք իրականություն դարձնելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:
‹‹Մեր առաջնահերթ խնդիրը ռազմավարությունն իրականություն դարձնելն է. մեկ բան է զարգացման ռազմավարությունը գրել թղթի վրա, մեկ այլ բան՝ այն դարձնել իրականություն: Կրթության զարգացման ռազմավարական ծրագիրը նկարագրում է կրթական որակյալ և հասանելի ծառայություններին ուղղված գործողությունները կյանքի բոլոր փուլերում››,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ Եվրամիության հետ գործընկերությունը չի սահմանափակվում միայն կրթական համագործակցությամբ, այն ներառում է նաև մշակույթի և գիտության ոլորտները:
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ԵՄ գործընկերների հետ բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում կրթության որակի բարելավման:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորել է Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսության մեկնարկը՝ ընդգծելով, որ ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› ընդունումը հնարավորություն է տալիս ընդարձակելու համագործակցության հեռանկարները:
ԵՄ գործընկերները հայտարարել են ապագա ծրագրերի մասին, որոնց նպատակն է սատարել դրանց իրականացմանը՝ շեշտելով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Նշվել է, որ ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև ոչ ֆորմալ կրթություն կազմակերպող կառույցների զարգացմանը COAF և ԹՈՒՄՈ կենտրոնների ձևաչափով՝ նշելով, որ դրանք ֆորմալ կրթական համակարգի հետ միասին ամբողջացնում են կրթության կազմակերպման արդյունավետությունը:
Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի և Արևելյան գործընկերության հարցերով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Քալենը, ներկայացնելով ԵՄ առաջիկա բյուջետային աջակցության ծրագիրը, կարևորել է ռեսուրսների առկայությունը, որոնք անհրաժեշտ են բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:
«Տպավորված եմ ՀՀ կառավարության ջանքերով՝ կապված ‹‹ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› մշակման և հաստատման հետ: Միանում ենք ձեր ջանքերին ու հայտնում մեր լիարժեք աջակցությունը՝ ռազմավարության գործողությունների պլանի իրագործման փուլում: Շատ հավակնոտ ու կարևոր ծրագիր եք կազմել ապագայի համար: Ուրախ կլինենք նպաստել դրա իրագործմանը››,- ասել է Դեյվիդ Քալենը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել են կրթության ռազմավարության հիմնական ուղղությունները:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:
«Ռազմավարության հիմքում մարդն է, մարդկային կապիտալի զարգացումը: Բոլոր մարդիկ ունեն որոշակի հմտություններ, տաղանդ, իսկ կրթության համակարգի առաքելությունն այդ տաղանդների բացահայտումն է՝ հնարավորություն տալով մարդուն իրացվելու՝ հանուն իրեն, պետության և տնտեսության զարգացման››,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ շեշտադրված կարևոր խնդիրներից է նաև կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացնելով ռազմավարության՝ նախադպրոցական կրթությանն ու հանրակրթությանը վերաբերող հիմնական դրույթները, նշել է, որ նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. «Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը»:
ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ:
Այս նպատակադրման համար նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թ. կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ:
Ժաննա Անդրեասյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի հարցը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտման հարցը՝ պայմանավորված Լաչինի միջանցքի փակմամբ:
«Լեռնային Ղարաբաղի մի շարք երեխաներ այժմ գտնվում են Հայաստանում և արդեն տևական ժամանակ է՝ զրկված են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից: Մենք, իհարկե, այստեղ փորձել ենք ապահովել նրանց կրթության իրավունքը. երեխաները Երևանում և Գորիսում հաճախում են դպրոցներ, նաև մանկապարտեզ, ուսումնարաններ: Բայց սա ճիշտ իրավիճակ չէ, ու բոլորս էլ հասկանում ենք, որ երեխաները հնարավորինս շուտ պետք է ընտանիք վերադառնալու հնարավորություն ունենան: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված է սննդի մատակարարման անհնարինության պատճառով: Մտահոգիչ է նաև, որ դպրոցներում չեն գործում երկարօրյա խմբերը: Բոլորիս համար օրվա խնդիր է դառնում առաջին հերթին ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը: Հուսով եմ՝ համատեղ ջանքերն այս հիմնարար իրավունքների ապահովման առումով ևս կունենան արդյունք, թեև իրավիճակն արդեն շատ երկար է ձգվում: Մենք իսկապես շատ անհանգիստ ենք, որ արդյունքները լինեն բավարար, և օր առաջ կարողանանք վերականգնել մարդկանց տեղաշարժը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: «Ճանապարհը պետք է անպայման բացվի»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կտան դրական արդյունք:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ