ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր անձնագիրն են դեպի մեծ աշխարհ». Արա Խզմալյան

Փետրվարի 13, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը:

Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» տեղի է ունեցել «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմը ներկայացնում է հայկական տեսողական մշակույթի հսկաներից մեկի՝ ազգային կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի կյանքի և ստեղծագործության լեգենդար ուղին: Գրքի լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվել է առաջին անգամ:

Պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանը և Ռուզաննա Բագրատունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ներկաներին գրքի հրատարակման կապակցությամբ և ընդգծել, որ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի մասին պատմող այս պատկերագրքի միջոցով տեղեկատվական մեծ անդունդ է լրացվում:
«Նախորդ տարվանից պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, մասնավորաբար՝ գրահրատարակչության ոլորտում, հայ մշակույթի վերաբերյալ օտար լեզուներով տեղեկատվության մշակումն ու տարածումն է: Եվ այս պատկերագրքի ի հայտ գալը որոշակիորեն իմաստավորվում է այդ քաղաքականության համատեքստում: Համո Բեկնազարյանին նվիրված պատկերագրքի գաղափարն եղել է 2019 թվականից: Գրքի լույսընծայումն անձնական և հանրային ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր ելքի վիզաներն են, մեր անձնագիրը դեպի մեծ աշխարհ, մեծ իրականություն: Նրանց ստեղծած ժառանգությամբ և նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, հայտնվել համաշխարհային մեծ գործընթացներում: Մենք ունենք երևելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ պատկերագիրքը տարածվելու է միջազգային կարևորագույն հարթակներում՝ հայագիտական կենտրոններում, դիվանագիտական օղակներում, արտերկրի գրադարաններում: Նախատեսվում է գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում:

Զավեն Բոյաջյանի դիտարկմամբ՝ շատ քիչ գրականություն է ստեղծվել Համո Բեկնազարյանի մասին, մինչդեռ պետք է մի ամբողջ գրադարան լիներ. «Միշտ մտածել եմ, որ մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք: Մտածեցի՝ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերներից և այդ պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ուստի փորձել եմ այդ մակագրությունները վերածել տեքստերի: Գիրքը շատ հագեցած է ոչ միայն պատկերային նյութով, այլև տեքստերով: Հիմնականում շեշտադրել եմ Բեկնազարյանի հուշերը, երբ ինքն է պատմում իր մասին, որպեսզի նրա անձը, ինքնությունը ներկա լինեն գրքում»:

Զավեն Բոյաջյանը Բեկնազարյանի հուշերից զատ, որոնք վերցրել է կինոռեժիսորի ինքնակենսագրական գրքից, պատկերագրքում օգտագործել է նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները:

Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի. այն նաև ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, դրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչև մահ:

Գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Լուսանկարների մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Ռուզաննա Բագրատունյանի նշմամբ՝ Բեկնազարյանի մասին պետք է տասնյակ գրքեր լինեին, սակայն, ավաղ, այդպես չէ. «Պատկերագիրքը փոքր, բայց շատ կարևոր հատվածն է նրա մասին ամբողջ արխիվի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի գիտական տեսանկյունից, և գիտական գնահատական կտրվի, ինչը կարևոր է սերունդների համար: Կարևոր է, որ Բեկնազարյանի ամբողջ ստեղծագործությունը հասու լինի բոլորին»:

Երեկոն եզրափակվել է Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)