ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են հայ-մեքսիկական կրթական և մշակութային համագործակցության հարցեր

Մարտի 2, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել հայ-մեքսիկական բարեկամական կապերի զարգացման, առավել ամրապնդման և խորացման գործում։

«Տարեսկզբին մենք նախարարությունում ընդունել ենք Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայաստան-Մեքսիկա բարեկամության խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը և քննարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: «Հայ-մեքսիկական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի և Մեքսիկայի «Թարգմանությանն աջակցող ծրագրի» (Programa de Apoyo a la Traducción) միջև համագործակցության խթանման հնարավորությունը:

Կարևորվել են նաև հայ-մեքսիկական հարաբերությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման բնագավառներում զարգացնելու, մասնագիտական որակավորմանը և փորձի փոխանակմանը նպաստելու, երկու երկրների միջև թանգարանային համագործակցությանն աջակցելու, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ժողովրդական ստեղծագործության ցուցադրություններ, վարպետաց դասեր և թեմատիկ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունները:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցերի՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունելու համար: Նա բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրները, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման, առկա համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)