ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

Մարտի 16, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». «Մեր միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ: Ես սա համարում եմ մեծ ձեռքբերում և կարծում եմ՝ այն ունենալու է վճռորոշ նշանակություն առաջիկա տարիներին կրթության ոլորտի զարգացման տեսանկյունից»:

Աշխատանքներն ավարտվել են 24 դպրոցում և 46 մանկապարտեզում

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի շրջանակում կազմվել է ճանապարհային քարտեզ, որով մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 337 դպրոցում և 521 մանկապարտեզում: 2022 թվականի ծրագրով վերակառուցման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել 24 դպրոցում և 46 մանկապարտեզում:

Բնագիտական լաբորատորիաներ դպրոցներում

Մինչև 2026 թվականը Կառավարությունը պարտավորվել է բոլոր դպրոցներում ներդնել բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ. 2022 թվականի դրությամբ հանրապետության 107 ավագ դպրոցում և Տավուշի մարզի 80 դպրոցում ներդրվել են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաների լաբորատորիաներ:

Հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրում

Նախարարի տեղեկացմամբ՝ 2022 թվականին շարունակվել է հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: 2023-2024 ուստարում նախատեսվում է հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրումը հանրապետության բոլոր դպրոցներում, որին ընդառաջ՝ իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ, նոր դասագրքերի մշակման և հրատարակման մրցույթներ:

2022 թվականին դպրոցներում ներդրվել է տարածաշրջանի լեզուների՝ պարսկերենի, վրացերենի, թուրքերենի, ադրբեջաներենի ուսուցում. սեպտեմբերից 25 դպրոց սկսել է նշված լեզուների ուսուցումը՝ որպես 3-րդ օտար լեզու կամ խմբակ ձևաչափերով:

Դպրոցական սնունդ մարզերի դպրոցներում

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից բոլոր մարզերի առաջինից չորրորդ դասարանների 104 հազար աշակերտներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստանում են դպրոցական սնունդ: Քննարկվում են ծրագիրը Երևանում իրականացնելու հնարավորությունները:

Շարունակվում է ուսուցիչների կամավոր ատեստավորումը

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շարունակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որին 2022 թվականին մասնակցել է 5-12-րդ դասարաններում դասավանդող 2329 ուսուցիչ: Արդյունքում՝ հավելավճար ստացող ուսուցիչների թիվը 1090 է: «Ներկայում, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար է ստանում շահառու ուսուցիչների շուրջ 5,5 տոկոսը: Ատեստավորման արդյունքում բազային դրույքաչափը միջին 125 հազար ՀՀ դրամից դառնում է 200 հազար ՀՀ դրամ, որին ավելանում է ատեստավորման արդյունքներին համապատասխան 30-50 տոկոս հավելավճարը: Ընդհանուր առմամբ՝ կամավոր ատեստավորումից հետո ուսուցչի միջին ամսական եկամուտը կազմում է 250 հազար ՀՀ դրամ»,- մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին առաջին անգամ իրականացվել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 1100 մանկավարժ:

Բարելավումներ բուհերում և քոլեջներում

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ համատեղ Տավուշի մարզում ստեղծվել է գյուղատնտեսական կրթահամալիր, որտեղ գրանցվել է ոլորտի համար աննախադեպ՝ մրցակցային ընդունելություն՝ ստանալով սահմանված տեղերից ավելի շատ դիմումներ՝ ֆերմերային տնտեսության կազմակերպման մասնագիտությամբ սովորելու համար:

2022 թվականին ավարտվել են 3 բուհում գերազանցության և գիտահետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքները: Ժաննա Անդրեասյանը, որպես օրինակ ներկայացնելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնները, նշել է, որ այս ծրագրերը նպաստելու են բուհերում կրթության որակի բարելավմանը:

Բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարարը տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվարից բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը: Այն իրականացվել է ատեստավորման արդյունքների հիման վրա. ատեստավորումը չի հաղթահարել գիտաշխատողների շուրջ 18,4 տոկոսը:

Գիտության ոլորտի երիտասարդացման և միջազգային լավագույն փորձի փոխառման նպատակով 2022 թվականին իրականացվել է 4 մրցույթ: Ֆինանսավորվել է 86 ծրագիր, որում ներգրավված է 286 գիտնական. 286-ից 211-ը կամ 73,8 տոկոսը մինչև 35 տարեկան են:

Գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 50 տոկոսով

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2022 թվականին բացարձակ արժեքով կազմել է 29,78 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ճշտված բյուջեի նկատմամբ ավելի է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամով կամ 50,4 տոկոսով: Շարունակական քաղաքականության արդյունքում 2023 թվականին այն կկազմի շուրջ 36 մլրդ ՀՀ դրամ:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է 2022 թվականին Հայաստանում անցկացված գիտության և արվեստի «Սթարմուս» միջազգային 6-րդ փառատոնը, որին մասնակցել են հանրաճանաչ գիտնականներ, Նոբելյան 7 մրցանակակիրներ:

1 մլրդ 284 մլն դրամ` մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավման համար

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը նշել է, որ 2022 թվականին թանգարանային այցելությունների թիվը 15 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Երեխաներին մշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորություն տվող բաժանորդային ծրագրի շահառուների թիվը 2021 թվականի համեմատ աճել է շուրջ 30 տոկոսով:

2022 թվականին ընթացել են 8 հուշարձանի վերականգնման, ինչպես նաև 3 հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ. հատկացվել է շուրջ 195 մլն ՀՀ դրամ:

Թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել է ռեկորդային՝ շուրջ 1 մլրդ 284 մլն ՀՀ դրամ: Հատկացումներ են ստացել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը:

Մշակութային հաստատությունների շուրջ 90 տոկոսը գրանցել է սեփական եկամուտների աճ:

Իրականացվել է 17 կրթամշակութային ծրագիր

17 կրթամշակութային ծրագրերին մասնակցել է ավելի քան 660 դպրոցի շուրջ 19.000 աշակերտ: Առաջին անգամ իրականացվել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Գրքի երևանյան ամենամյա փառատոնը 2022 թվականին վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցել է 7 երկիր, 165 գրող, 30 հրատարակչություն: Փառատոնին մասնակցել է շուրջ 15.000 այցելու, անցկացվել է 60 տարբեր միջոցառում, վաճառվել է ավելի քան 10.000 գիրք:

Պարգևատրման գումարների ավելացում սպորտի ոլորտում

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ սպորտի ոլորտում գրանցվել է աննախադեպ ռեկորդային ցուցանիշ. 2022 թվականին Եվրոպայի և աշխարհի մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում 19 մարզաձևերի հավաքականների մարզիկներ նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե: 2022 թվականին կրկնապատկվել են տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները մեծահասակների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև նրանց մարզիչների համար:

Զեկուցումից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են բուհական համակարգի արդիականացմանը, նպատակային ուսուցմանը, կրեդիտային համակարգին և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…