ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

Մարտի 30, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտների որակական զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակում իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Կառավարությունը 2018 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է 21,74 մլրդ դրամով՝ այն դարձնելով 36 մլրդ դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2018 թվականին տրամադրված ֆինանսավորումից: Գիտության ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման և վարձատրության բարձրացման ծրագիրը, որի արդյունքում, օրինակ, ամենամեծ թվով գիտնականներ ընդգրկող տարակարգի՝ գիտական աշխատողների բազային աշխատավարձը նախկինում միջինը 90 հազար դրամի փոխարեն 2022-ին կազմել է 150 հազար դրամ, 2023-ին՝ 250 հազար, 2025 թվականին արդեն փուլային աճման սկզբունքով կկազմի 276 հազար դրամ: Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ, արդեն 2022 թվականից ունեինք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 114 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ: 2023-ին առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ 2025-ին կլինի 443 հազար դրամ»:

Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների ձեռքբերման, գիտության ոլորտում սերնդափոխության, արտերկրից հեղինակավոր գիտնականների ներգրավման ուղղությամբ՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք արդեն ունեն տեսանելի արդյունքներ: Օրինակ՝ նախորդ տարվա ծրագրերի առնվազն շուրջ 73 տոկոսում ընդգրկված են մինչև 35 տարեկան գիտնականներ:

«Միաժամանակ, Կառավարությունը նպատակադրվել է ինտեգրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները՝ ունենալով մեկ միասնական համակարգ, որտեղ բուհերն ունեն ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ՝ իրենց կազմում ներառելով և սերտ աշխատելով գիտահետազոտական կառույցների հետ: Այս ամենը պետք է նպաստի կրթության ռազմավարությամբ սահմանված միջազգային վարկանիշավորման համակարգերի լավագույն 500-ի մեջ առնվազն 4 բուհ ունենալու թիրախի իրացմանը, մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության և գիտության համակարգ ունենալուն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ որպեսզի նշված ուղղություններով աշխատանքները լինեն առավել նպատակաուղղված և արդյունավետ, կազմվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որով նախատեսվում է լավարկել ու հստակեցնել գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ֆինանսավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքի և հստակ կատարողական ցուցանիշների հաստատման, գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները, ինչպես նաև ձևավորել բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիման վրա: Այն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ««Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» ընդունումից հետո ներկայում լրամշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է այդ բնագավառներում ապահովել պետական միասնական քաղաքականություն, և անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ, որը կսպասարկի օրենքի իրացումը: Նոր կոմիտեն հանդիսանալու է օրենքի իրացումն ապահովող և գործարկող մարմին:

«Այս փոփոխություններով ապահովելու ենք բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների ինստիտուցիոնալ բաղադրիչը. բովանդակային բաղադրիչը կապահովվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, որն առաջիկայում կներկայացվի, իսկ ենթակառուցվածքային բաղադրիչը՝ ակադեմիական քաղաքի ձևավորմամբ, որի ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Մասնավորապես, ներկայում շրջանառվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը պետք է լինի ծրագիրն իրականացնող կառույցը: Միաժամանակ, առաջարկել ենք այս փաթեթն Ազգային ժողով ներկայացնել անհետաձգելի ճանաչելու ձևաչափով, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ իրականացնել անհրաժեշտ է ինստիտուցիոնալ փոփոխությունները»,-ընդգծել է նախարարը՝ փաստելով, որ նախագծի փաթեթը պատշաճ հանրային քննարկման է դրվել. իրականացվել են բաց քննարկումներ ոլորտի շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագծի ընդունումը, նշել է՝ առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, հնարավոր չէ ապահովել երկրի ապագան: «Մանրամասն հետազոտելով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները՝ արձանագրել ենք, որ առկա է ֆիզիկական ենթակառուցվածքների և բովանդակային հատվածի անհամապատասխանություն ժամանակակից չափանիշներին. բուհական համակարգը շարունակաբար մեկուսացել Է հետազոտական բաղադրիչից: Կրթության ռազմավարությամբ սահմանված է հետազոտական և բուհական բաղադրիչների մեկտեղումն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և տրամաբանական»,-նշել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվում է ունենալ պետական բյուջեից լիարժեք ֆինանսավորվող մինչև 8 բուհ, որոնք կձևավորվեն նշված երկու բաղադրիչի հիման վրա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)