ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ

Ապրիլի 6, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 440 մլն 290 հազար դրամի չափով: Նախատեսված գումարն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս որոշմամբ հերթական քայլն է արվում ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների, 500 մանկապարտեզների և նախակրթարանների վերակառուցման, կառուցման ու հիմնանորոգման ծրագրում: «Այս մեծածավալ ծրագրի շրջանակում աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական փոքր բնակավայրերում կրթության որակի բարելավումն է և այդ նպատակով նոր ենթակառուցվածքների ձևավորումը: Այս աշխատանքների շրջանակում դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական և թե՛ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր՝ երեխաների և մեծահասակների համար»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև՝ իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը վերածելով համայնքային կենտրոնի:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կրթահամալիրների տեղակայվածությունն ուսումնասիրելու նպատակով ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի և Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացվել են համատեղ վերլուծական աշխատանքներ, որի արդյունքում առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կառուցվելու են նոր կրթահամալիրներ:

«Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ այդ նպատակով գնված տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ: Կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթահամալիրներ տանող երթուղիները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների նորոգման ծրագրերով, ինչպես նաև սինխրոնացվել է նշված ճանապարհների բարեկարգման ընթացքը՝ կրթահամալիրների շինարարությանը զուգընթաց»,-մանրամասնել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրագործման նպատակով 2023 թ.-ի պետական բյուջեով նախատեսված է եղել գումար՝ Կապանում 3 կրթահամալիրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն հաշվի առնելով ծրագրի նպատակների իրագործման մի շարք առանձնահատկություններ՝ փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներ, նախադպրոցական ծառայությունների բացակայություն և շահառու երեխաների փոքր թիվ, տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ և այցեր, որոնց արդյունքում վերանայվել են Սյունիքի մարզի կրթահամալիրների ընդհանուր ցանկն ու կրթական կենտրոնները: Ներկայում նախատեսվում է ստեղծել 40 կրթահամալիր, որոնցից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս խոշորացված համայնքներում:

Նախարարի խոսքով՝ կրթահամալիրները բաժանվել են 4 խմբի՝ ըստ հզորությունների և տիպի: Ընդհանուր առմամբ՝ կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնք արդեն կառուցման փուլում են, ինչպես նաև Տեղի թիվ 1 դպրոցը, որի շենքային պայմանները բարենպաստ են` վերափոխվելու կրթահամալիրի:

«Նմանատիպ աշխատանքները շարունակվում են մյուս մարզերում, ավարտվել են այցերը Արարատի և Կոտայքի մարզերում, առաջիկա երկու ամսում պատկերը կամբողջանա բոլոր մարզերի մասով: Նախատեսվում է, որ 300 դպրոցների ծրագրով, ընդհանուր առմամբ, գյուղական բնակավայրերում կնախագծվեն և կկառուցվեն շուրջ 150 կրթահամալիրներ, ինչը թույլ կտա ամբողջությամբ կարգավորել փոքր գյուղական համայնքներում որակյալ կրթության հասանելիության հարցը»-, փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև հավելել է, որ ծրագիրը որակյալ կրթության ապահովման ամբողջական բարեփոխում է, որի շրջանակում Հայաստանի մանուկների հիմնադրամը ԵՄ աջակցությամբ Կապանում և Գորիսում կառուցելու է երկու սմարտ կենտրոն. «Աշխատանքներն այնպես են նախագծվել, որ կրթահամալիրները և սմարտ կենտրոնները համատեղ աշխատեն, և այդ ռեսուրսն օգտագործվի նաև կառավարման, մարդկային կարողությունների զարգացման, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման, բովանդակային կրթական ծրագրերի, մեծահասակների կրթության առումով: Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև բովանդակային բարեփոխում. ուսուցիչների կարողությունների զարգացման և որակյալ կրթության ապահովման նպատակով վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որը փոքր դպրոցների հիմնական խնդիրներից է: Հավասար և որակյալ կրթության ապահովման նպատակով այս տարվա սեպտեմբերից Սյունիքի մարզում լինելու է առանձնացված ուսուցում, և պետբյուջեի միջոցներից նախատեսվում են հավելյալ միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր դասարան ունենա առանձին սովորելու հնարավորություն՝ անկախ երեխաների թվից»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ բովանդակային բարեփոխումների համատեքստում հավելավճար է սահմանվել նաև գյուղական դպրոցների ուսուցիչների համար, որը կխթանի ուսուցիչների համալրումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով, որ այն թևակոխել է գործնական փուլ: Նա անդրադարձել է դպրոցաշինության, ճանապարհների կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ինչպես նաև կրթության բովանդակության բարելավման հարցերին:

Նիստի ընթացքում կառավարության անդամները ծավալել են շահագրգիռ քննարկում` կրթահամալիրների կառուցման ծրագրի շուրջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)