ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Շրջակա միջավայրի և հատկապես հուշարձանների պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 17, 2023

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է։ Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է շաբաթօրյակ «Ագարակ» պատմահնագիտական արգելոցի տարածքում։

Շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ։

Օրվա շրջանակում հնագետներ Պավել Ավետիսյանը և Գարիկ Թումանյանը ներկայացրել են հնավայրի պատմությունը, մեկնաբանել հնագիտական շերտերի պատմական արժեքը, տարբեր դարերում դրանց կիրառական նշանակությունը։ Պավել Ավետիսյանի տեղեկացմամբ՝ տարածքում վերջին պեղումներն իրականացվել են 2014 թվականին։

2021 թ. ԿԳՄՍ նախարարությունը պատվիրել է «Ագարակ» պատմահնագիտական արգելոցի պեղված հատվածների հնագիտական շերտերի և պատերի ամրակայման նախագիծ, որը շահել և իրականացրել է իտալական կազմակերպություն։ Նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստ են։ Դրանք համալիր փորձաքննության փուլում են, որից հետո կմեկնարկեն տարածքի ամրակայման և վերականգնման աշխատանքները։

«Ագարակ» հնավայրի տարածքում իրականացվող շաբաթօրյակին մասնակցել են նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները՝ որպես կրթական գործընթացի բաղադրիչ։

Նախարար Ժաննա Անդրեասյանն ուսանողների հետ զրույցում նշել է, որ այսօրինակ միջոցառումներին մասնակցելն օրինակելի է հանրության և հասակակիցների համար: «Շրջակա միջավայրի և հատկապես հուշարձանների պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է։ Այսպիսի միջոցառումները հանրային վարքականոն և բնության ու մեր արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու նպատակ ունեն»,- ուսանողների հետ զրույցում ընդգծել է նախարարը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն