ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով հրատարակված գրքերի շնորհանդեսը

Ապրիլի 18, 2023
Մշակութային լուրեր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և գրքերի հեղինակները:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ և բարձր գնահատել ոլորտի երախտավորների ներդրումը հուշարձանների պահպանության, երաշխավորման, հանրայնացման ու միջազգայնացման գործում: Նախարարի տեղակալը ցավով նշել է, որ աշխարհաքաղաքական գործընթացների և վայրիվերումների համատեքստում ոչնչանում են մշակութային շերտեր, և դրան զուգահեռ՝ լուրջ առճակատումներ են տեղի ունենում տեղեկատվական դաշտում. ««Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի ներդրման կարևորագույն նպատակն է լրացնել տեղեկատավական բացը, որը ձևավորվել է տարիների ընթացքում: Չեմ կարող անտեսել այն աշխատանքները, որոնք կատարվել են վերջին տարիներին, սակայն դրանք բավարար չեն, քանի որ խնդիրները մնացել են նեղ գիտական հետաքրքրությունների շրջանակում, հրատարակվող աշխատությունները հիմնականում ծանրաբեռնված են եղել գիտական հասկացություններով: Այսինքն՝ հիմնականում վարվել է գիտական քաղաքականություն, և անտեսվել է այս արժեքները հանրամատչելի դարձնելու և թարգմանության հանգամանքը: Հենց այդ նպատակով մենք սահմանել ենք պետական դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակներից է մատուցվող նյութը դարձնել հանրամատչելի, ապա՝ հասանելի միջազգային հանրությանը: Այս կերպ մենք լուծում ենք ոչ միայն և ոչ այնքան գիտական քաղաքականության, որքան տեղեկատվական քաղաքականության խնդիր»:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել այն հաստատությունների ներկայացուցիչներին և հրատարակությունների հեղինակներին, որոնք օգտվել են դրամաշնորհի հնարավորությունից, և որոնց աշխատանքի արդյունքում սեղանին են դրել հանրամատչելի, լուրջ հետաքրքրություն ներկայացնող հետևյալ աշխատությունները՝ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք-ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն):

Նշենք, որ ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կա՛մ չկան, կա՛մ խիստ սակավ են:

Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից և բառամթերքից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնել ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլև ընթերցողական բազմաշերտ լսարանները:

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները՝ Արցախի պատմամշակութային ժառանգություն, hայկական գորգարվեստ (նաև ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…