ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը

Ապրիլի 28, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը:

Օրակարգում մշակութային կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած կինոազդագրերը: Համաժողովի շրջանակում երկկողմանի համագործակցության հուշագրեր են ստորագրվել Հայաստանի և Ռուսաստանի մի քանի գիտական, կրթական ու երաժշտական ուսումնական հաստատությունների միջև:

Համաժողովի մեկնարկին և լիագումար նիստին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը, Վոլոգդայի և Կոստրոմայի մարզերի մշակույթի դեպարտամենտների տնօրեններ Վլադիմիր Օսիպովսկին և Մարինա Նազինան, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներ, երկու երկրների ստեղծագործական բուհերի ղեկավարներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական համաժողովի բացման կապակցությամբ: Նախարարի տեղակալը կարևորել է մեկ հարթակում մասնագետների հանդիպման հնարավորությունը:

«Դժվար է գերագնահատել ռուսական արվեստի և մասնագիտական ​​կրթական համակարգի դերը երաժշտության, թատրոնի, կինոյի, կերպարվեստի բնագավառում դասավանդման չափանիշների և մեթոդների ձևավորման գործում։ Երևանի կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի, արվեստի բուհերի ականավոր մանկավարժները մշտապես ակնածանքով են խոսել իրենց ռուս ուսուցիչների մասին: Նրանք պատվով և արժանապատվությամբ են պահպանել և փոխանցել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքներն իրենց սաներին։ Աշխարհը փոխվում է արագ տեմպերով, փոխվում են ուղեցույցներն ու չափանիշները, արժեհամակարգն ու դրա հետ կապված մարտահրավերները։ Մենք բոլորս բախվում ենք գլոբալ հարցերի, և այդ հարցերը վերաբերում են առաջին հերթին կրթական համակարգին։ Դրանից կախված են ոչ միայն գիտելիքի, այլև կյանքի որակը, մարդկային լիարժեք գոյության ու երջանկության հնարավորությունը։ Վստահ եմ, որ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք լիովին գիտակցում են վերը նշվածի պատասխանատվությունը»,-նշել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալն ուրախությամբ հաստատել է, որ հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր։ Դրա հաստատումն են «Երգում եմ քեզ, ի՛մ Հայաստան» ցուցահանդեսի բացումը և մշակույթի ոլորտում կրթական հայ-ռուսական համաժողովի անցկացումը։

Արա Խզմալյանն արդրադարձել է նաև հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին և տեղեկացրել, որ նախատեսվում են բազմաթիվ նշանակալի իրադարձություններ՝ Հայաստանում և արտերկրում: Այս համատեքստում հատկապես գնահատելի է ռուս գործընկերների ուշադրությունը կարևոր այս իրադարձությանը։

««Հայֆիլմը» եղել է բազմաթիվ հրաշալի ֆիլմերի ստեղծող և լայն կապեր է հաստատել մշակույթի ռուս գործիչների՝ դերասանների, արվեստագետների, օպերատորների, ռեժիսորների հետ։ Ուրախ ենք փաստել, որ 90-ականներին ընդհատված՝ կինոյի ասպարեզում ստեղծագործական կապերն աստիճանաբար նոր թափ են ստանում, բայց ամեն ինչի հիմքում մասնագիտական ​​կրթությունն ու հիմնարար գիտելիքներն են։ Հուսով եմ, որ այս հարթակը հնարավորություն կտա քննարկել նաև կինոկրթության և արվեստի այլ ճյուղերի կարևոր հարցեր»,- նշել է Արա Խզմալյանը և կրկին շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար՝ մաղթելով ներկաներին արդյունավետ աշխատանք և մասնագիտական ​​ինտեգրմանն ուղղված համատեղ նոր նախագծերի իրականացում։

ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևն էլ վստահեցրել է, որ կրթության բնագավառը հայ-ռուսական փոխգործակցության նշանակալի ուղղություններից է, և ընթերցել է ՌԴ մշակույթի նախարար Oլգա Լյուբիմովայի ուղերձը:

Ուղերձում ասվում էր, որ ստեղծագործական կրթության բնագավառում համագործակցության զարգացումը երկու պետությունների մշակութային փոխգործակցության կարևորագույն ուղղություններից է:

«Ռուսաստանն ու Հայաստանն աշխարհին նվիրել են մշակույթի ականավոր գործիչների, որոնց թողած հարուստ ժառանգությունը փոխանցվում է սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր յուրահատուկ մանկավարժների ու վարպետների ջանքերի շնորհիվ: Հենց այդ պատճառով մշակույթի ոլորտում կրթությունը մեծ դերակատարություն ունի երկու երկրների պետական քաղաքականության մեջ: Մեր մշակույթների հարստությունը, համընդհանուր պատմությունը, հարգանքը ժառանգության հանդեպ, մշակութային ավանդույթները երկու կողմերի հումանիտար համագործակցության հիմնասյուներից են»,- նշվում էր ուղերձում:

Oլգա Լյուբիմովան համոզմունք է հայտնել, որ համաժողովի անցկացման շնորհիվ նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն երկու երկրների տարբեր հաստատությունների միջև, կյանքի կկոչվեն համարձակ նախագծեր:

Համաժողովի շրջանակում մասնակիցները քննարկել են մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել զեկույցներ և քննարկումներ՝ մշակութային կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:

Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ներկայացուցիչները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վարպետության դասեր կանցկացնեն` «Դերասանական վարպետություն», «Խաղարկային կինոյի ռեժիսուրա» և «Կինոարտադրություն»:

Միջոցառումները կավարտվեն «Մոսկվա» կինոթատրոնում «Ռուսական կինոյի օրերի» բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։

Նշենք, որ «Ռուսական կինոյի օրերը» կանցկացվեն ապրիլի 28-30-ը Երևանում և մայիսի 5-7-ը՝ Գյումրիում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…