ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

GIZ-ի պատվիրակության հետ քննարկվել են ՄԿՈՒ ոլորտում իրականացվելիք կրթական ծրագրերը

Մայիսի 12, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը՝ ԳՄՀԸ կրթություն, մասնագիտական ուսուցում, աշխատաշուկա բաժնի խորհրդատու Աննա Լազորի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, «Մասնավոր հատվածի զարգացում և ՏՄԿՈՒ Հարավային Կովկասում» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծրագրի ղեկավար Արամ Բաբայանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել արդյունավետ ու շարունակական համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտում ԳՄՀԸ-ն Հայաստանի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, որը ոլորտի համար ունի հիմնարար նշանակություն:

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն ընդունվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը, իսկ այժմ շրջանառության մեջ է «Մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը, որի մշակման գործում մեծ է եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությունը:

«Կառավարության ծրագրում ամրագրվել են մի շարք կարևոր թիրախներ, որոնք սահմանում են ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելների ներդրման և փորձարկման անհրաժեշտություն: Այս համատեքստում մենք ունենք համագործակցության մեծ և նոր շրջանակ, և ակնկալում եմ, որ կշարունակենք փոխկապակցված աշխատել, քանի որ արդեն իսկ արձանագրել ենք համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ: Կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները, արագ արձագանքել փոփոխություններին և մարտահրավերներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը» սահմանում է բավականին հավակնորդ թիրախ՝ հասնել ՄԿՈՒ հաստատությունն ավարտելուց հետո շրջանավարտների 90%-ի՝ ըստ մասնագիտության աշխատանքի անցնելուն, ինչը ենթադրում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության խթանում՝ որպես մրցունակ կադրերի պատրաստման նախապայման։

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացված ծրագրերի շնորհիվ մշակվել և ավելի քան 13 ուսումնական հաստատություններում 12 մասնագիտությունների գծով փորձարկվել ու ներդրվել է դուալ ուսուցման համակարգ. «Դուալ կրթության մատուցումը բարդ, ինչ-որ առումով նաև ծախսատար գործընթաց է, և ոչ բոլոր մասնագիտությունների գծով է հնարավոր այն կիրառել։ Սակայն դուալ կրթությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման միայն մի ձևն է, մինչդեռ գոյություն ունեն նաև որակյալ մասնագիտական կրթություն տրամադրելու այլընտրանքային այլ ձևեր։ Այս առումով Գերմանիան աշխարհում առաջատարներից է, և գերմանական նորարարական մոտեցումները, փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են արդեն իսկ մեկնարկած ՄԿՈՒ բարեփոխումների հետագա բարեհաջող ընթացքի համար»:

Ըստ նախարարի՝ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը կապված է մասնավոր հատվածի զարգացման հետ. «Ձգտելով ապահովել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն՝ պետության քայլերն ու ծրագրերը պետք է միտված լինեն ուսումնական հաստատություն-գործատու փոխգործակցության խթանմանը, սոցիալական գործընկերության հայեցակարգի զարգացմանը: Այս առումով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերը գործել են ներդաշնակեցված, որի շնորհիվ հնարավոր է եղել գրանցել գինեգործության, խոհարարության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտաշինության և այլ ոլորտների զարգացման լուրջ հաջողություններ»:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ՄԿՈՒ ոլորտի խորհրդատու Աննա Լազորը, արձանագրելով, որ գերմանական կողմը տարիներ ի վեր տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանում, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու՝ գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա նաև նշել է, որ ԳՄՀԸ-ն հակված է աջակցել ՀՀ տնտեսության համար կարևոր և կոնկրետ ոլորտների զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու, նոր ծրագրեր իրականացնելու և համակարգելու անհրաժեշտությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…