ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

Հունիսի 2, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական Մարիա Պապամիխայիլը և այլք:

Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:

ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի մշակման փուլում ԵՄ հետ ակտիվ համագործակցությունը. «Նախորդ տարեվերջին ծրագիրը հաստատվեց և ստացավ օրենքի ուժ, ինչը շատ երկար սպասված արդյունքն էր և որի համար մեծ ջանքեր էին գործադրվել»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրին, որի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք։ Նախարարը կարևորել է նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ առանձնացնելով դրա «Մշակույթ» ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ որպես Եվրոպայի մշակութային ժառանգության մաս։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գիտության ոլորտում եվրամիության գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը միտված է նպաստել գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի համագործակցության զարգացմանը՝ գիտական համատեղ հետազոտություններ իրագործմամբ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանն ունի շոշափելի և ոգևորող արդյունքներ. գիտական կազմակերպությունները վերջին 2 տարում շուրջ 2,5 մլն եվրո ֆինանսավորում են ստացել:

Համագործակցության հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտն է, որի շրջանակում համագործակցությունն իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի միջոցով:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, կարևորելով ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ Սյունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ռազմավարության պետական ծրագրին, հայ երիտասարդների՝ եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու մտադրություններին, ուսուցիչների համար իրականացվող վերապատրաստումների և կարողությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացում Հայաստանի ունեցած լրջագույն մարտահրավերներին և այդ համատեքստում դժվարությունների հաղթահարման մեխանիզմներին:

Անդրադառնալով ամենալուրջ մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդիրը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։

«Խախտվել է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Շուրջ 300 անչափահասներ, որոնք մնացել էին առանց ուղեկցության, արգելափակված էին Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում էին Լաչինի միջանցքի երկու կողմերում: Լեռնային Ղարաբաղի դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, շուրջ 6500 աշակերտ զրկվել էր կրթության իրավունքից: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար: Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ սահմանված հավակնոտ թիրախների իրագործման նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…