ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2024 թ. պետական բյուջեի նախնական հայտով ԿԳՄՍՆ-ին կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը

Հուլիսի 11, 2023
Պաշտոնական

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը:

Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նախարարի հավաստմամբ՝ խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով կկատարվեն 308 հաստատությունների նախագծային աշխատանքները: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ նախարարը նշել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, և ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված բոլոր ծրագրերը:

«Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչև Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաև, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել և նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները:

«Տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: Այս հարցում ցուցաբերվելու է համակարգված մոտեցում»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է արհեստագործական ուսումնարանների ճակատագրով: Նախարարը փաստել է, որ ներկա դրությամբ գործում է 21 արհեստագործական ուսումնարան, բայց կան նաև քոլեջներ, որոնք կատարում են նույն գործառույթները: Իսկ ընդհանուր առմամբ՝ գործում է շուրջ 100 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն:

4.5 մլրդ դրամով աճել է «Կրթության որակի ապահովում» ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար 5 հազար 200 հարյուր դիմում է ներկայացվել, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:

Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաև մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման, նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ ևս նախատեսվել են. թատերահամերգային 8 կազմակերպություն կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները նախարարին ԿԳՄՍ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր են ուղղել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…