ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը

Հոկտեմբերի 12, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է իրավիճակի վերլուծություն և հավաքագրված տեղեկատվության հիման վրա մշակել ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին օժանդակելու և նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում ապահովելու նպատակով։

Ծրագրի մանրամասները զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հատկապես ուսուցիչներ կողմից այս պահին արդեն ունենք մեծ հետաքրքրություն: Պետք է նշեմ, որ դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են: Վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները, ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն, և հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը: Ընդ որում՝ այն խմբավորված է ըստ դասավանդվող առարկաների և ըստ բնակավայրերի: Օրինակ՝ եթե քիմիայի ուսուցիչ է մուտք գործում, ապա նա միանգամից կտեսնի, թե տվյալ առարկայի քանի թափուր տեղ կա և որ բնակավայրերում: Եվ արդեն կախված այն հեռանկարից, թե որտեղ է տվյալ ուսուցիչը պատկերացնում իր բնակավայրն առաջիկայում, գոնե միջնաժամկետ կտրվածքով, կկարողանա ընտրություն կատարել: Ընդ որում՝ հնարավորություն ենք տվել, որ մեկ անգամ ընտրելուց հետո 10-օրյա ժամկետում ուսուցիչը կարողանա չեղարկել ու ևս մեկ անգամ նույն տրամաբանությամբ օգտվել համակարգից, եթե ինչ-ինչ պատճառներով կեցությունն այդտեղ հնարավոր չէ կազմակերպել: Այս ընթացքում նաև հնարավորինս հեշտացրել ենք փաստաթղթերի հետ կապված խնդիրները՝ հասկանալով, որ այս պահին մարդիկ, հնարավոր է, իրենց հետ չունեն աշխատանքի ընդունվելիս պահանջվող փաստաթղթային ամբողջ փաթեթը»,-նշել է նախարարը:

Նշենք, որ ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որևէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում, ծրագրի շահառու հանդիսացող անձիք կարող են ներգրավվել այդ հաստատություններում՝ որպես ուսուցիչ:

Այս սկզբունքով շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, նա այլևս առաջնահերթության իրավունք չի ունենում: Ընդ որում՝ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից։

Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից տվյալ հաստատությանը հատկացված միջոցներից ուսուցչին լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատությունների, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների դեպքում՝ այս ծրագրից օգտվող ուսուցիչներին լրացուցիչ կհատկացվի ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար։

Ծրագրով նախատեսվում է նաև, որ ՀՀ պետական բյուջեի «ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» և «ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ առարկաների (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառումների շահառու հանդիսանալու դեպքում այդ միջոցառումների ֆինանսավորման կարգերով սահմանված ժամկետային սահմանափակումները ծրագրի շահառու հանդիսացող ուսուցիչների նկատմամբ կիրառելի չեն, և այդ միջոցառումներով նախատեսված լրավճարները ենթակա են հաշվարկման հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու ամսվանից։

Ավելի քան 13 հազար բռնի տեղահանված երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ

Կառավարության նիստի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօրվա տվյալներով արդեն ավելի քան 13 հազար երեխաներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներում, ինչը կազմում է թիրախային խմբի մոտ 62 տոկոսը: «Ամեն օր ավելանում է երեխաների թիվը: Կարծում եմ, որ մինչև հաջորդ շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայության խնդիր. դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով, ժամանակավոր կացարաններում՝ հանգստյան գոտիներում, հյուրատներում: Այս հարցը քննարկել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, և այդ խնդիրները նույնպես կարգավորվում են»,-ընդգծել է նախարարը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերը տրամադրվում են անվճար

Ժաննա Անդրեասյաննն անդրադարձել է նաև դասագրքերի խնդրին՝ տեղեկացնելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները դասագրքերով ապահովվում են անվճար, և լրացուցիչ խմբաքանակի պատվերն արդեն ուղարկվել է: «Ընդգծում եմ՝ դասագրքերի համար վճարել պետք չէ: Նաև նշեմ, որ մենք փորձում ենք առաջին հերթին երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որոնցում կան ազատ տեղեր: Այն դեպքում, երբ ազատ տեղերն արդեն սպառված են, նրանց փորձում ենք տեղավորել ծանրաբեռնված դպրոցներում: Սա հընթացս կարգավորվող գործընթաց է, և մենք սերտորեն աշխատում ենք թե՛ մարզպետարանների, թե՛ քաղաքապետարանների հետ, որպեսզի կարողանանք խնդիրները կարգավորել», -փաստել է նախարարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…