ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները կնպաստեն համընդհանուր ներառական կրթությանը

Հոկտեմբերի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է որոշակի տեխնիկական, խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են: Փոփոխությունները հիմնականում նպաստելու են համընդհանուր ներառական կրթությանը, ինչպես նաև վերաբերելու են մանկավարժական աշխատողների և ծնողների իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է առաջարկվող փոփոխությունները` որպես ներառական կրթության գործընթացին ուղղված բարելավման քայլ:

«2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարվեցին բավականին մեծածավալ փոփոխություններ, որոնք վերաբերում էին նաև ներառական կրթության գործընթացի բարելավմանը: Կարևոր առանձնահատկություններից էր այն, որ մենք նորովի սահմանեցինք կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը ու նաև առանձնացրեցինք բացառիկ ընդունակություններ ունեցող անձանց՝ որպես մի խումբ, որը նույնպես կրթության կազմակերպման լրացուցիչ միջոցների ու խթանող միջավայրի կարիք ունի: Այդուհանդերձ, հետագա աշխատանքները ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք տալու բացառիկ ընդունակություններ ունեցող անձի սահմանումը, որն օրենքի կիրարկման ընթացքում թույլ կտա շատ ավելի թիրախային ու հասցեական իրականացնել հետագա քաղաքականությունը: Ընդ որում՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում մենք արդեն իսկ այս փոփոխություններն արել ենք, ու առաջարկվող սահմանումն ամբողջությամբ համահունչ է նախադպրոցական կրթության ոլորտում օրենքում ներառված սահմանմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ այս պահին չունենք առանձին լիազորող նորմ, որով պաշտոնապես կհաստատվեն ուսումնական հաստատությունների ցանկերը, և դա հատկապես խնդիր է առաջացնում, երբ խոսքը վերաբերում է մասնագիտացված կամ հատուկ դպրոցներին:

«Նման լիազորող նորմ ունենալը կօգնի գործ ունենալ շատ ավելի հստակ ցանկերի հետ ու նաև թույլ կտա հետագա վարչարարությունը շատ ավելի հարթ իրականացնել: Փոփոխությունների վերջին կետը վերաբերում է տնօրենների ատեստավորման կարգում, նաև լիազորող նորմում հավելավճարի մասով լրացում կատարելուն: Սա այն քաղաքականությունն է, որի մասին բազմիցս քննարկումներ ենք ունեցել: Մասնավորապես՝ շատ է խոսվում այն մասին, որ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչները, որոնք նաև տարակարգ ունեն, հաճախ ավելի բարձր վարձատրություն են ունենում, քան դպրոցի տնօրենը, և սա համաչափության առումով կարող է առաջ բերել համակարգի խախտում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս տարի 170-ից ավելի դպրոցներում ներդրվել է կառավարման նոր մոդելը, ըստ որի՝ տնօրենին վերապահվում է ուսումնական գործընթացի վերահսկողությունը և կրթության որակի ապահովումը, իսկ ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը: Օրենքի անցումային դրույթով սահմանված է եղել, որ գործող տնօրենների պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նոր տնօրենի գործունեությունն իրականացվելու է կառավարման նոր մոդելով. «Այս համատեքստում նաև հավելավճարի տրամադրումը ներառելով՝ կկարողանանք տնօրենների վարձատրությանն ուղղված համակարգի բարեփոխումն իրականացնել: 2023 թվականի սեպտեմբերից ուժի մեջ է մտել դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, որի արդյունքում տնօրենների աշխատավարձը միջինում բարձրացել է 111 հազար դրամով: Որքան ավելի մեծ է դպրոցը, այդքան գործակիցն ավելի բարձր է: Մեծ դպրոցներում մենք ունենք տնօրենի՝ ընդհուպ մինչև 475-495 հազար դրամ աշխատավարձ»:

ԿԳՄՍ նախարարը նաև հայտնել է, որ առաջիկայում Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքների նախագծերը: Պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին` Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պարզաբանումներ սահմանվող չափորոշիչների և գնահատման մեխանիզմների վերաբերյալ:

Նախագծի հիմնական նպատակն է ներառական կրթության գործընթացում ապահովել ծնողների մասնակցությունը` ամրագրելով ծնողների ոչ միայն իրավունքներն ու անհատական ուսումնական պլանի մշակմանը մասնակցությունը, այլև ուսումնական պլանի իրականացմանն աջակցելու պարտավորությունը: Նախագծով կամրագրվի նաև ծնողական խմբերի ստեղծման իրավունքը: Կվերանայվեն մանկավարժական աշխատողների պարտականությունները, կսահմանվի դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ստեղծմանը նպաստելու, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու, բոլոր սովորողների ներառումը կրթական գործընթացում ապահովելու պարտավորություն, այդ թվում` արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)