ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

Հոկտեմբերի 19, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։ «Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտները արդյունավետ ինտեգրելու նպատակով: Բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառելիությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այսպիսով ծառայելով հանրությանը: Հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ այն նաև ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը»,-նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքների հետագա հստակեցման ու կանոնակարգման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Նախարարի խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում՝ ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

«Ընդ որում՝ հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը. «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադարձ է կատարվելու այն պարագայում, եթե գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ»,-շեշտել է նախարարը:

Հայեցակարգի շրջանակում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս կլաստերներից՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական և սպայական: Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44.000 մարդ: Նրա խոսքով՝ հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:

Կառուցվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ՝ ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական ու փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողեր, հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն), տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ՝ բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար՝ մարզասրահներ, լողավազաններ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները: Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով. ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար.

«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող ընկերությունների հետ, իսկ արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։ Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբերից և ավարտին հասցնել 2025 թվականի սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբերից. նախնական գնահատմամբ այն կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլը պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվարից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է՝ ըստ էության թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Նա տեղեկացրել է՝ առաջիկայում պայմանագիր կստորագրվի ճարտարապետական ընկերության հետ, որը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները: Այս պահին էլ արդեն տեղում իրականացվում են աշխատանքներ, հաշվարկվում են ենթակառուցվածքները և այլն: Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է այնպես, որ անհրաժեշտության դեպքում տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը տեղակայված է Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի հատման հատվածում՝ սահմանակցելով Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին և Արմավիրի ու Կոտայքի մարզերի այլ բնակավայրերին:

«Շատ կարևոր են 4 կլաստերները. տեխնոլոգիականի մեջ պատկերացնում ենք նաև գյուղատնտեսականը: Ընդ որում՝ այստեղ ֆերմերային փորձարարական շատ մեծ կենտրոն կստեղծվի: Այսինքն՝ գյուղատնտեսության մասնագիտություններով սովորող ուսանողները հնարավորություն կունենան տեղում պրակտիկ աշխատանքներ իրականացնելու: 700 հա տարածքը, միանշանակ, պետք է մնա ակադեմիական քաղաքի տիրույթում, և եթե պարզվի՝ տարածքը մեծ է, ապա այն հատվածներում, որտեղ կառուցապատում չի իրականացվի, այլ լուծումներ կգտնենք և կանաչապատում կիրականացնենք: Ինչ վերաբերում է բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել այդ մասին, որով բուհական ոլորտի գործընկերներին հրավիրում է քննարկումների: Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև իր ճարտարապետական-քաղաքաշինական լուծումներով նոր խոսք բերի ու նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և օտարերկրյա զբոսաշրջիկների ու այցելուների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ի հավելումն՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ավագ դպրոցների առկայություն բոլոր կլաստերներում:

«Սա ապահովելու է կրթության շարունակականություն, որպեսզի ավելի վաղ փուլից կարողանանք աշխատել երեխաների հետ: Ընդգծեմ, որ բովանդակային բարեփոխումների շրջանակում բավականին աշխատանք արդեն իսկ արված է: Բառացիորեն նոյեմբերի սկզբին արվեստների ուղղությամբ աշխատանքային խումբը կայցելի Լոնդոնի արվեստների համալսարան՝ կոնցեպտի մշակման վերջնականացման համար: Մենք ընտրել ենք յուրաքանչյուր կլաստերի համար միջազգային փորձառու գործընկեր ունենալու մոտեցումը: Տեխնոլոգիական ուղղությամբ պայմանավորվածություն ունենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ, որն օգնելու է կոնցեպտուալ մշակումների հարցում: Կրթական ուղղությամբ աշխատում ենք անգլիական UCL-ի հետ: Կարծում ենք՝ միջազգային փորձառությունը կհանգեցնի ավելի ճիշտ աշխատանքների: Ինչ վերաբերում է տեղում իրականացվող աշխատանքներին՝ անհրաժեշտ երկրաբանական տվյալների շուրջ 95 տոկոսն արդեն հավաքված է: Նախատեսում ենք, որ մինչև նոյեմբերի սկիզբ կկարողանանք ավարտել այդ աշխատանքը: Հատուկ ընդգծեմ, որ սրանից էապես շահելու է Ճարտարպետության և շինարարության ազգային համալսարանը, քանի որ ծրագիրը նախատեսում է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների ակտիվ ներգրավվածություն նախագծման բոլոր փուլերում: Այդպիսով, սա մեզ համար դառնալու է նաև կրթական ծրագիր»,-եզրափակել է նախարարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…