ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։
Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍ ծախսային հիմնական ուղղություններին՝ ըստ ոլորտների:
Անդրադառնալով 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 122 մանկապարտեզներում արդեն ավարտվել են աշխատանքները: Ընդ որում, այդ մանկապարտեզների մեծ մասը կառուցվել է գյուղական համայնքներում, որտեղ երբևէ չեն գործել նախադպրոցական հաստատություններ:
«Աշխատանքները մեծ թափով ընթանում են. այս պահին 142 հաստատություն ընդգրկված է այդ գործընթացում: Մյուս տարվա ընթացքում ևս 100 մանկապարտեզներում կավարտվեն աշխատանքները: Ըստ այդմ, 500 մանկապարտեզների ծրագիրը նույնիսկ կարող է լինել ավելին, քան նախապես պլանավորվել է:
Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա արդեն իսկ աշխատանքներն ավարտվել են 26 հաստատություններում. մինչև տարեվերջ դրանք կավարտվեն ևս 8-ում: Հաջորդ տարի աշխատանքներ կսկսվեն 41 հաստատություններում, որոնցից 21-ում դրանք կավարտվեն հենց 2024 թվականին: Զուգահեռաբար 235 հաստատություններում ևս շինարարական աշխատանքներ կիրականացվեն: Արդեն իսկ բավականին մեծ թվով երեխաներ իրենց կրթությունը ստանում են բարելավված պայմաններում»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ կրթական միջավայրի բարելավումը դիտում է որպես առաջնահերթություն:
Նախարարը տեղեկացրել է՝ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են լաբորատոր սարքավորումներ, գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա պլաններում ներառված են միանգամից մի քանի մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի դպրոցների տեխնիկական սարքավորումների բարելավում:
«Այս մարզերի բոլոր դպրոցները կունենան բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Այս ամենի նպատակը նոր հնարավորությունների ստեղծումն է, որոնց վերաբերյալ արդեն առկա են անկախ գնահատման արդյունքներ: Տավուշի մարզի դպրոցներում նախորդ տարիներին փորձնական կարգով ներդրվել էր հանրակրթության նոր չափորոշիչը, որի վերաբերյալ անկախ գնահատման զեկույցն առաջիկայում կհրապարակվի: Այն ցույց է տալիս, որ չափորոշչի ներդրման գործընթացն այս պայմաններում և այս հնարավորությունների ստեղծմամբ՝ ապահովել է երեխաների կրթական արդյունքի ավելացում ավելի քան կես տարով: Նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում: Վերջինիս փորձարկումը սկսել ենք համավարակի և հետպատերազմական իրավիճակում, և այսօր ունենք այս արդյունքները՝ չնայած բոլոր դժվարություններին: Կարելի էր միայն կարծել, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե տարիների բեռը և մեր աշխատանքը խոչընդոտող գործոնները չլինեին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը, խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին, տեղեկացրել է՝ այս պահին ավելի քան 5 հազար ուսուցիչներ արդեն ստացել են աշխատավարձի բարձրացման և հավելավճարի ստացման հնարավորություն: Այս ուսուցիչների թիվն աստիճանաբար միայն ավելանալու է:
«Այս տարվանից սկսել ենք հավելավճարի նոր ծրագրեր. ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչները (բացառությամբ մաթեմատիկայի) սեպտեմբերին ունեն աշխատավարձի 25 % հավելավճար, իսկ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչները բոլոր առարկաների գծով կստանան իրենց պակասող դրույքաչափի հավելավճարը՝ մինչև 50 տոկոսի չափով: Այսպիսով, գյուղական համայնքների դպրոցներում մինչև 315 հազար դրամ աշխատավարձ է նախատեսվում նման ուսուցիչների համար:
Ուսուցչի աշխատանքի և մասնագիտության գրավչության բարձրացմանը կնպաստի նաև բուհական համակարգում ներդրված կրթաթոշակային նոր ծրագիրը, որով մանկավարժական ուղղություններով բնագիտական առարկաներով սովորող ուսանողները մինչև 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Սա արդեն հանգեցրել է մագիստրատուրայում այս մասնագիտացումներով սովորող ուսանողների թվի կրկնապատկմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2024 թվականին հուշարձանների վերականգնման համար նախատեսված է 1 մլրդ 159 մլն դրամ: Սա կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ:
Ոլորտում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, որն աշխատավարձերի բարձրացման էական հնարավորություններ է ընձեռում թատերահամերգային կազմակերպությունների համար, նախատեսվում է Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծումը, որը թանգարանների կառավարման և ոլորտում թե՛ որակի, թե՛ արդյունավետության բարձրացման ամենակարևոր գործիքներից է լինելու: Արդեն իսկ սկսվել են տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որը կգործի հաջորդ տարվանից:
Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ նախարարը նշել է՝ մեծ են թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ դրամական խրախուսումների աշխատանքները, որոնք տեսանելի արդյունքներ են ապահովում: Նախարարը շեշտել է մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացման կարևորությունը և դրան ուղղված աշխատանքները:
Նշենք՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 111 մլրդ դրամ՝ 2023 թվականի 38,7 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի նեդրման նպատակով նախատեսվել է 107 մլրդ դրամ՝ 2023 թ. 99 մլրդ դրամի դիմաց: Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման նպատակով նախատեսվել է 2,3 մլրդ դրամ՝ 2023 թ. 1,1 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման նպատակով նախատեսվել է 4,2 մլրդ դրամ՝ 2023թ. 3,6 մլրդ դրամի դիմաց: Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների գծով կրթաթոշակների չափերի՝ բուհերում 70 հազար դրամ, ուսումնարաններում և քոլեջներում՝ 50 հազար դրամ սահմանելու նպատակով նախատեսվել են համապատասխանաբար 200 և 600 մլն դրամ գումար: Զգալի միջոցներ են նախատեսվում հանրակրթական դպրոցներում ԲՏՃՄ ոլորտի, բացառությամբ մաթեմատիկայի, և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանման նպատակով՝ համապատասխանաբար 1,7 մլրդ և 2,5 մլրդ դրամի չափով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ