ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 20, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ:

Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիրներ: 3 ձևով անցկացված մրցումներում մեր մարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են 15-րդ տեղը՝ ներկայացուցիչներ ունենալով միայն պատանիների պայքարում: Աշխարհի առաջնությանը, ընդհանուր առմամբ, 37 երկրի պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ են մասնակցել:

Ընդ որում՝ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել ISKA-ի աշխարհի առաջնությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել պատանի մարզիկներին գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ:

«Այս տարիքից դնում եք ձեր ապագայի հիմքն ու քայլեր եք կատարում՝ ուժեղ մարդ դառնալու ճանապարհին: Առողջ ապրելակերպի ու ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից շատ կարևոր փորձառություն եք ունենում: Վստահ եմ՝ այս ամենը կնպաստի ոչ միայն լավ մարզիկ, այլև հայրենիքի համար արժանի քաղաքացի դառնալուն»,- ասել է Կարեն Գիլոյանը` բարձր գնահատելով նաև ֆեդերացիայի ղեկավարության գործունեությունը` ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման:

Ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի գնահատմամբ՝ աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները բավականին տպավորիչ են. «Մասնակցել ենք շատ փոքր թիմով: Հատկապես եվրոպական երկրները 200-ից ավելի մարզիկներ ունեին: ISKA-ի մրցումները բավականին լուրջ են: Մեր մարզիկներից երկուսը նվաճել են ոսկե, երկուսը՝ արծաթե մեդալներ, իսկ մյուսները՝ բրոնզե մեդալներ»:

Հայ մարզիկները հունվարի վերջին ԱՄՆ-ում միջազգային մրցաշարի կմասնակցեն, իսկ 2024 թվականի հունիսի վերջին՝ աշխարհի առաջնության:

Հայկ Վարդանյանի խոսքով՝ սպորտային կարատեին մեծ ուշադրություն են դարձնում: Մասնավորապես՝ այս պահին Երևանում գործում է մարզաձևի ավելի քան 85, իսկ ՀՀ տարբեր մարզերում՝ ավելի քան 60 դպրոց: Մարզադպրոցներում ընդունելությունը կատարվում է 5 տարեկանից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն