ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

87 մլն 696 հազար դրամ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներին

Նոյեմբերի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակում կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը, որի հիման վրա հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր:

Ըստ նախարարի՝ այն պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին և երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազար դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից կարիք լինի անդրադառնալ նաև պահեստային՝ Հայֆիլմի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն տեղի է ունեցել ծրագրի պատասխանատու ճարտարապետի և ուրբանիստի աշխատանքային այցը. հաջորդ այցն ակնկալվում է դեկտեմբերի 11-12-ին: «Նախատեսվում է առաջին փուլի արդյունքները՝ նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականը, ստանալ մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլի՝ ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ներառված կլինեն ճանապարհափողոցային ցանցի, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասները: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Հայաստանում այսօր մեծ թափով իրականացվում են դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման աշխատանքներ, և բոլոր հաստատություններն ու շենքերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նույնն ակնկալվում է նաև ակադեմիական քաղաքում. «Ամեն նոր շենքի հետ գտնվում են ավելի հարմար և դյուրին լուծումներ, որտեղ ներառականությունը կարելի է ապահովել: Եվ սա վերաբերում է ոչ միայն շենքերին, այլև՝ գործընթացին, քանի որ ներառական կրթությունը նաև բովանդակությունն է, կազմակերպման, աշխատանքի ձևը, դասավանդման մեթոդները: Այս ամենը հաշվի է առնվում. ակադեմիական քաղաքում կրթությունը լինելու է ժամանակակից ամենաբարձր միջազգային չափանիշներին համաձայն»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքներին զուգահեռ տարվում են նաև բովանդակային աշխատանքներ որակյալ կրթություն ունենալու նպատակով. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ միջազգային գործընկերների կողմից ունենք շատ լուրջ հետաքրքրություն, ինչը ցույց է տալիս, որ այս նախագիծն աստիճանաբար ավելի գրավիչ և հեռանկարային է դառնում: Օրինակ, տեխնոլոգիական կլաստերի քննարկման համար արդեն միջազգային 3 գործընկեր բուհեր ունենք, որոնք աջակցելու են այս գործընթացին՝ Մյունխենի, Մասաչուսետսի և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանները, որոնք աշխարհի լավագույն բուհերի շարքին են դասվում այս ուղղությամբ: Այն տեխնոլոգիական բուհը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում, բնականաբար, կրթությունն իրականացնելու է այդ տրամաբանությամբ, չափանիշներով և բովանդակությամբ: Բավականին մեծ առաջընթաց ունենք նաև արվեստի ուղղությամբ. արդեն իսկ կնքվել է համաձայնագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. «Հաստատուն քայլերով ընթանում ենք «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման ճանապարհով. առաջին գործնական փուլում ենք, երբ Հայաստանի և Գերմանիայի Դաշնությունը ներկայացնող գործընկերների աջակցությամբ սկսվում են գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները: Տեղանքը պետք է վերլուծվի ճարտարապետական խնդրի իրագործման տեսանկյունից, և կոնկրետ շենքերի տեղադիրքի վերաբերյալ արվեն առաջարկություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել՝ գերմանացի գործընկերները հետաքրքրվում են ՀՀ ազգային ավանդույթներով, տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններով:

«Նպատակն այն է, որ ակադեմիական քաղաքը, լինելով զրոյից ստեղծվող միավոր, կտրված չլինի մեր իրականությունից, ժողովրդից ու պատմությունից: Առաջարկել ենք, որ նրանք անպայման այցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Ամբերդ, Եղիպատրուշ, Աշտարակ, որպեսզի զգան թե՛ տեղանքի, թե՛ պետության, և թե՛ ժողովրդի կոլորիտը: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է, և ամեն ինչ անելու ենք՝ այն պատշաճ ձևով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ազգային մարզադաշտի կառուցմանը և տեղեկացրել՝ աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխան ևս երկու մարզադաշտ ունենալու ուղղությամբ: Նախնական ըմբռնում կա նաև տեղանքի վերաբերյալ. Ազգային մարզադաշտը նախատեսվում է կառուցել ակադեմիական քաղաքում, ևս երկու մարզադաշտ՝ Գեղարքունիքի, Լոռիի կամ Տավուշի մարզերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)