ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը՝ Երևանում

Դեկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Անն Հագլունդ-Մորիսին՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալը։

Ողջունելով ներկաներին՝ համատեղ կոմիտեի հայաստանյան համանախագահ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում կայացած առաջին հանդիպումից ի վեր՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում համագործակցության ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն անհրաժեշտություն կա հավելյալ քննարկելու ծրագրին ՀՀ մասնակցության հետագա խթանման միջոցները և գործիքները։

«Հայաստանը մի շարք էական բարեփոխումներ է իրականացրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնցից մեկը պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանը հատկացվող միջոցների զգալի ավելացումն է, իսկ մյուսը Գիտության կոմիտեի վերակազմակերպման արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծումը, որը թույլ կտա ապահովել կրթության և գիտության ոլորտների առավել արդյունավետ ինտեգրում՝ բերելով սիներգետիկ արդյունքների»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Անն Հագլունդ-Մորիսին ընդգծել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության զգալի առաջընթացը և դրական փոփոխությունները՝ նախորդ «Հորիզոն 2020» ծրագրի համեմատ (ներկա պահին ՀՀ մասնակցության քանակային ցուցանիշներն արդեն կազմում են «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության 2016-2020 թթ․ ցուցանիշների 50%-ը), սակայն ծրագրին ՀՀ մասնակցությունը դեռևս կարիք ունի խթանման։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորել է հայաստանյան գիտական խմբերի՝ միջազգային գիտահետազոտական դրամաշնորհներին մասնակցության և մրցունակության բարձրացման հարցը։ Նա նաև անդրադարձել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին համարժեք հայաստանյան ծրագրերին ԵՄ կազմակերպությունների փոխադարձ մասնակցության խթանման հարցին՝ ներկայացնելով ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմանն ուղղված մրցույթները: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին, համատեղ Կոմիտեի առաջին հանդիպման արդյունքում ընդունված գործառնական եզրակացություններին, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման քաղաքականությանն աջակցելու նպատակով ձեռնարկված քայլերին։

Հանդիպման օրակարգում էին նաև 2021-2023 թթ․ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության արդյունքների քննարկումները և հետագա մասնակցության խթանման ծրագրերը։ Ներկայացվել են Եվրոպական նորարարական խորհրդի կողմից, ինչպես նաև եվրոպական հետազոտական տարածքի 2020 թ․ քաղաքականության շրջանակում իրականացվող որոշ միջոցառումներին ՀՀ մասնակցության հնարավորությունները, 2022 թ․ Եվրոպական նորարարական օրակարգի և ԵՄ «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապի ներդաշնակեցման, «Հորիզոն Եվրոպա» ծրագրերին մասնավոր կազմակերպությունների մասնակցությունների խթանման, Հետազոտությունների և նորարարության հարցերով ԱրԳ ոչ ֆորմալ աշխատանքային խմբի շրջանակում ԵՄ-ՀՀ համագործակցության հարցերին:

Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան- ԵՄ համատեղ կոմիտեն ստեղծվել է՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթներին համաձայն: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը՝ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)