ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան

Դեկտեմբերի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:

Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝

  • օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը,
  • հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը,
  • Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։

Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով:

Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից:

Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները:

Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ:

Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ:

Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները:

Նշենք, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:

Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)