ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական նիստ՝ նվիրված Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին

Դեկտեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի է ունեցել հոբելյանական նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ:

Ակադեմիայի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակություններ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։

Հոբելյանական նիստի մեկնարկին նախ զեկույցով հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: Նա ընդգծել է՝ ակադեմիան երկրի բարձրագույն գիտական կենտրոնն է, ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատուն, որը 80 տարիների ընթացքում դժվարին և բովանդակաշատ ուղի է անցել, ձեռք բերել գիտական մեծ նվաճումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Հայաստանում գիտական շատ մեծ պոտենցիալ կա, և ՀՀ կառավարությունը լուրջ ներդրումներ է կատարում գիտության ոլորտում:

«2019 թվականից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թվականին, 2018 թվականի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով: 2024 թվականին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձել է նաև գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանն ու 2022 թվականից գիտնականներին ու գիտական թիմերին մրցութային կարգով տրամադրվող դրամաշնորհներին։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին մրցութային, դրամաշնորհային ծրագրերով գիտության ոլորտին տրամադրվել է շուրջ 8.4 մլրդ դրամ: 2024 թվականին պետական բյուջեով դրամաշնորհների ծավալը կկազմի 9.3 մլրդ դրամ: Նախատեսվում է, որ 2024 թվականի արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի:

Վարչապետը հիշատակել է 2018 թվականից իրականացվող գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքավորումների մատակարարման ծրագիրը։ Կառավարության դրամաշնորհներով 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում 26 գիտական կազմակերպություններ շուրջ 5 մլրդ դրամի գիտական սարքեր են ձեռք բերել։ Անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը, Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, պետք է հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համար:

Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի բարեփոխումներն են նաև, որ ապահովելու են գիտության զարգացումը՝ ամբողջացնելով ողջ շղթան՝ հանրակրթությունից մինչև գիտություն: Նախարարը կարևորել է դպրոցներում իրականացվող նոր ծրագրերը, որոնք ուղղված են երեխաների շրջանում գիտության տարածմանն ու մասսայականացմանը: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոնին», որն այս տարի իրականացվում է արդեն 4-րդ անգամ:

«Ամեն տարի էականորեն ավելանում է գիտության փառատոնին իրենց նախագծերը ներկայացնող երեխաների թիվը: Այս տարի հայտերի թիվը կրկնապատկվել է՝ նախորդ տարվա համեմատ: Գիտության փառատոնի միջոցով մեր երեխաները նաև միջազգային գիտական փառատոների մասնակցելու հնարավորություն են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ հաղթող նախագծերն ԱՄՆ-ում մասնակցում են միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին, ինչպես նաև Բրյուսելում անցկացվող երիտասարդ գիտնականների ԵՄ «EUCYS» մրցույթին:

Դպրոցականների ու գիտնականների միջև հաղորդակցությունը խթանելու տեսանկյունից նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Քո գիտությունը դպրոցում›› ծրագիրը, որն արդեն իրականացվում է նաև լաբորատոր փորձերի հնարավորություն ընձեռող գիտական միջավայրում: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ Բուսաբանական այգում նախատեսվում է գիտության թանգարանի կառուցում, որը կլրացնի այդ միջավայրն ու դպրոցականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության հավելյալ խթան կլինի:

«Հանրակրթության պետական նոր չափորոշչում կան թիրախներ, որոնք մղում են զբաղվել գիտությամբ: Գիտության հիմքում ընկած է հետազոտական կարողությունների զարգացումը. հանրակրթության նոր չափորոշչի, դրա զարգացման ու գիտությամբ զբաղվող երիտասարդներ թվի ավելացման միջև կապը լինելու է ուղիղ ու ակնհայտ, քանի որ նախագծային ուսուցումը մեր դպրոցներում դառնում է պարտադիր բաղադրիչ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու փաստել՝ աստիճանաբար ավելի մեծ թվով երիտասարդներ գիտությամբ զբաղվելը համարում են հեռանկարային, եկամտաբեր ու զարգացող գործունեություն:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ 2024 թվականին մշակվելու է գիտության զարգացման ռազմավարությունը:

Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին և ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին:

Հաջորդիվ տեղի է ունեցել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Վարչապետը մրցանակը հանձնել է պրոֆեսորներ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ոսկե մեդալներով է պարգևատրել Ռոման Հովսեփյանին, Հենրիկ Փանոսյանին և Մարինա Աղայանին: ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերի են արժանացել Նելլի Բաբայանը, Գևորգ Տեփանոսյանը, Սաթենիկ Ղազարյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…