ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. ամփոփիչ ասուլիս

Դեկտեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով:

Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության միավորմամբ ստեղծված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը։

Բանախոսը, մասնավորապես, անդրադարձել է գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման, գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերին, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի նախագծին վերաբերող հարցերին։

20 դրամաշնորհային մրցույթ

Տարվա նշանակալի ձեռքբերումներից Սարգիս Հայոցյանն ընդգծել է 2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ 4.2 մլրդ ՀՀ դրամի հատկացումը, որն ուղղված է կապիտալ բնույթի ծախսերի, մասնավորապես՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով և սարքավորումներով վերազինելուն։ Կոմիտեի նախագահը նշել է, որ դեռևս 2021 թվականից այդ նպատակով դրամաշնորհների տեսքով զգալի ծավալի ֆինանսավորում է հատկացվել կազմակերպություններին, սակայն այս տարի պետությունը կապիտալ ծախսերի շրջանակում գնել և կազմակերպություններին է փոխանցել խոշոր սարքեր և սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է նախորդ տարիներին այդ նպատակով հատկացված միջոցների գումարը։

Առանձին անդրադարձ է կատարվել կոմիտեի կողմից ռեկորդային թվով՝ 20 դրամաշնորհային մրցույթների իրականացմանը, ինչը հնարավոր է դարձել հայտերի ընդունման ողջ գործընթացն ամբողջովին էլեկտրոնային՝ grants.hesc.am համակարգի միջոցով կազմակերպելու շնորհիվ։

150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրեր գիտնականների համար

Դրամաշնորհային ծրագրերի շարքում առավել հատկանշական են շուրջ 150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրերը, որոնք ուղղված են արտերկրյա գիտնականների՝ ՀՀ գիտական համայնքին ինտեգրմանը և հեռավար լաբորատորիաների հիմնադրմանը, ինչպես նաև երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն ուղղված ասպիրանտների աջակցության ծրագրերը։

Գիտնականների ատեստավորման չափանիշների մասին

Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ատեստավորման արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի նորմավորմանը և մինչև 2025թ. ամենամյա աստիճանական բարձրացման գործընթացին, որի արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերը կհասնեն պետական համակարգի աշխատողների վարձատրությանը համադրելի չափերի և միաժամանակ համեմատելի կլինեն նաև Արևելյան Եվրոպայի իրենց գործընկերների վարձատրության չափերին։ Լրագրողների այն հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում ատեստավորումը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է. «Քանի որ գիտության ոլորտն ուղղված է նոր գիտելիքի ստեղծմանը, համապատասխան հանձնաժողովները քննում են գիտնականի արդյունավետությունը, վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակի գիտական հոդվածների, մենագրությունների քանակը և այլ ցուցանիշներ, սակայն գործող կարգն արդեն քսան տարի է՝ չի լրամշակվել։ Ներկա պահին Կառավարության քննարկմանն է ներկայացվել գիտնականների ատեստավորման նոր լրամշակված կարգը, որում ներդրվել են չափման քանակական և որակական առավել շոշափելի ցուցանիշներ»։

Կոմիտեի նախագահը հավելել է, որ 2023թ. ամփոփվել են նախորդ տարվա քանակական ցուցանիշները, համաձայն որոնց՝ 2022թ. առաջին անգամ երկար տարիների ընթացքում գրանցվել է գիտաշխատողների թվի ավելացում, որը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է բազային աշխատավարձի բարձրացմամբ։

Լրագրողների այն հարցին, թե ինչ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում տարեց գիտնականների համար, Սարգիս Հայոցյանը պարզաբանել է, որ ներկայում շրջանառվում է կենսաթոշակային տարիքի հասած անձանց գիտական աստիճանի համար տրվող հավելավճարի ավելացմանը վերաբերող նախագիծը, իսկ շրջանառվող ատեստավորման կարգում նախատեսված է երկու նոր տարակարգ՝ պատվավոր գիտաշխատողների համար։

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, որոնցից մեկի շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ԼՂ բուհերի շուրջ 1900 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: ՀՀ կառավարության որոշման երկրորդ նախագիծն այժմ շրջանառության մեջ է. նախատեսվում է աջակցություն ՀՀ բուհերում սովորող, ԼՂ բնակիչ հանդիսացող և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 860 ուսանողների համար։ Ըստ Սարգիս Հայոցյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներն իրենց կրթության շարունակականության իրավունքն իրացնելու որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունեն. նույնիսկ եթե եղել է մասնագիտությունների անհամապատասխանության հարց, ապա կազմակերպվել է հարակից մասնագիտություններով ուսումնառությունը շարունակելու հեշտացված գործընթաց: Նրա խոսքով՝ դասախոսներին և գիտաշխատողներին նույնպես հնարավորության շրջանակում օգնություն է ցուցաբերվել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում աշխատանքի անցնելու հարցում։

Ակադեմիական քաղաքում կգործարկվեն կլաստերներ

Բանախոսը ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի այդ հաստատությունների մեծ մասը: ԿԳՄՍՆ-ն հրապարակային հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ։ Հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Մինչև 2030թ. Ակադեմիական քաղաքում նախատեսվում է գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով. հաջորդիվ Ակադեմիական քաղաքում կներառվեն նաև դասական և բժշկական կլաստերները։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ կլաստերների ձևավորման հարցը դեռևս բաց է քննարկման համար և վերջնականապես կամրագրվի միայն գիտական համայնքի հետ կոնսենսուսի ձեռքբերման արդյունքում։

Նոր ենթակառուցվածքների ստեղծում

Բացի ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծումից՝ նախատեսվում է նաև իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապեր հաստատել յուրաքանչյուր ոլորտում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Կոմիտեն այս տարի ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը երկրորդ ուժեղագույն բուհն է իր ոլորտում, և այժմ նախնական համաձայնություն է ձեռք բերվել աշխարհի լավագույն 50 տեխնիկական բուհերից մեկը հանդիսացող Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է տնօրինվելու Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի և կազմակերպությունների գույքը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է, որ գույքը փոխանցվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ առավել արդյունավետ օգտագործման և օգտագործումից ստացված շահույթը՝ ի նպաստ Ակադեմիական քաղաքի կարիքներին ուղղելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ հաճախ շահարկվող այն դրույթը, որ այդ շենքերը վերածվելու են հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի, իրականությանը չի համապատասխանում։ Սահմանվելու է այդ շենքերն ու շինություններն օգտագործելու առավել նպատակահարմար ձև, օրինակ՝ մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար գրասենյակային տարածք, ստարտափերի ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն։

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ Ակադեմիական քաղաքում կացարանով ապահովվելու և մարզաբնակ ուսանողների երթևեկությունը կազմակերպելու հարցերին, Սարգիս Հայոցյանը նշել է՝ հայեցակարգի առանցքային կետերից է նաև Ակադեմիական քաղաքում կամպուսային միջավայրի ապահովումը, որը թույլ կտա ուսանողներին կենցաղի կազմակերպման հարցերի փոխարեն կենտրոնանալ կրթական և ստեղծարար գործունեության վրա։ Նախագծի վրա աշխատող ճարտարապետների թիմը մեծ ուշադրություն է դարձնում նաև կառուցվող քաղաքի տրանսպորտային ցանցի ներդաշնակեցմանը՝ ապահովելով կապը թե՛ Երևան քաղաքի, թե՛ մարզերի, թե՛ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, ինչպես նաև տվյալ տարածքում ներկայում գործող բեռնատար երկաթգծի վերագործարկմանը՝ որպես մարդատարի։

Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի և գիտության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր ենթակա են ամրագրման ներկայում շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…