ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այսօր անդրադարձել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված աշխատանքներին:
Կառավարման համակարգի բարեփոխումներ
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կատարված աշխատանքների համատեքստում ընդգծել է մշակույթի ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը, որը միտված է թատերահամերգային կազմակերպությունների կառավարման համակարգի բարեփոխմանը, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ և հավասար մրցակցային դաշտի ապահովմանը։
«Ողջ տարին աշխատել ենք կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն անցել է ֆինանսավորման նոր մոդելին: Կարող եմ ասել, որ արդեն իսկ դրական արձագանքներ ունենք. արտաբյուջեի ակնկալվող գեներացված գումարը տարվա համար 749 միլիոն դրամ էր, սակայն Օպերան այսօր արդեն հայտարարում է 871 մլն դրամի արտաբյուջե: Ընդ որում՝ տարին դեռ չի ավարտվել. մինչև ամսի 31-ը հետաքրքիր միջոցառումներ կիրականացվեն, որոնք կապահովեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Ի՞նչն է հետաքրքիր այս մոդելում. կառույցները դառնում են ինքնուրույն և ունենում հավելյալ ֆինանսական միջոցներ՝ նոր ներկայացումներ իրականացնելու»,-նշել է Դանիել Դանիելյանը:
Նրա խոսքով՝ 2024 թվականին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ևս կանցնի կառավարման նոր մոդելին. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նույնպես առաջիկայում կարող է անցնել այդ մոդելին:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մշակվել և շրջանառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման» կարգը. «Հաստատվել է թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ անցկացնելու օրինակելի կանոնակարգը՝ չեղարկվել են դերասանական կարգերը, սահմանվել են ելույթավճարների սկզբունքները: Այսինքն՝ այս դեպքում կազմակերպություններն իրենք են որոշում՝ ինչքան կարող են վճարել՝ ըստ իրենց գեներացրած միջոցների: Եվ այս ամենն արվելու է թափանցիկ ձևով: Անվանական թոշակի վճարման կարգ է մշակվում, որն առաջիկայում կհաստատվի: Ըստ այդմ՝ կսահմանվի, որ մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոների մասնակցության և հաղթանակների համար մասնակիցը 1 տարի կստանա անվանական թոշակ՝ ամսական 300-ից 600 հազար դրամ»:
Գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավում
Նախարարի տեղակալը նշել է, որ մշակութային հաստատությունների գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով 2023 թ. ավելի քան կես միլիարդ դրամ ներդրում է կատարվել. «Շարունակվել է պետության կողմից թատերահամերգային կազմակերպությունների գույքի և նյութատեխնիկական բազայի բարելավման գործընթացը։ 2023 թվականին այդ ուղղությամբ հատկացված պետական միջոցներով 9 թատերահամերգային կազմակերպությունում ընթանում են նորոգման և բարեկարգման աշխատանքներ։ Դրանց թվում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի մնջախաղի, Կամերային, Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնները, «Արամ Խաչատրյան» համերգասրահը, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնը»։
Կինոյի ոլորտ
Տարվա ընթացքում առանձնակի ուշադրության կենտրոնում է եղել կինոոլորտի զարգացումը։ Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում ներդրվել է ներդրումների մասնակի վերադարձի համակարգը։ Ընդունվել է «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը»։
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ առկա են կարևոր ձեռքբերումներ կինոյի ոլորտում. ««Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» շորթ-լիստում: Պետք է նշեմ, որ կինոյի ասպարեզում միջազգային փառատոների մասնակցությունն այս տարի ավելացել է 74 տոկոսով: Այսինքն՝ գրեթե կրկնապատկել ենք մեր մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին: Ունենք 10 ֆիլմ, որոնք Հայաստանին 28 մրցանակ են բերել: Կինոյի ոլորտում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, որոնք շահավետ պայմաններ են ստեղծում ներդրողների և համատեղ ֆիլմարտադրողների համար: Ամենակարևորն այն է, որ այդ օրենքը դառնում է հուսալի մեր գործընկերների համար»:
Գեղարվեստական կրթության ոլորտ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերակա ուղղություններից են մշակութային և գեղարվեստական կրթությունը: 2023 թ․ իրականացվել է 18 կրթական-մշակութային նախագիծ. «Անցած տարվա 450 դպրոցի համեմատ այս տարի կրթամշակութային ծրագրերում ներգրավվել է 550 դպրոց: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի 16 հազարի փոխարեն ծրագրերին ներգրավվել է 21 հազար աշակերտ: Աշակերտները մասնակցել են «Մեկնարկ», «Քո արվեստը դպրոցում», «Դաս Ա», «Դասարան+Դասական», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Երաժշտական մարաթոն», «Իմ սիմֆոնիկ», «Քույր դպրոցներ», «Դասարվեստ», «Զարդագիր», Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերում «Արվեստանոցներ», «Մարզերի պատանի երաժիշտների համերգաշար» ծրագրերին:
Ներառականության ապահովում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերակա ուղղություններից են նաև ներառական ծրագրերն ու ներառականության ապահովումը։ Ներառականության ապահովման նպատակով տարվա ընթացքում իրականացվել է 5 ծրագիր՝ «Կողք կողքի», «Խոսող կտավներ», «Ֆրեսկո», «Շրջիկ արվեստանոց», «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ»։
«Այս տարի մեծ քայլերով առաջ ենք գնում համերգային և թատերական դահլիճների հարմարեցվածության առումով: Այսօրվա պահանջներին հարմարեցնելը մեծածավալ աշխատանք է. իրականացվում են վերելակների, թեքահարթակների տեղադրում, սանհանգույցների հարմարեցում»,- նշել է նախարարի տեղակալը:
Գրահրատարակչության ոլորտ
Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ տարին արդյունավետ էր գրահրատարակչության ոլորտի զարգացման համար։
«Հայաստանը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Նախատեսում ենք լավարկել հետագա մասնակցությունները նմանատիպ փառատոներին: Երևանում կայացել է ավանդական դարձած Գրքի երևանյան միջազգային փառատոնը: Շարունակվել է աջակցություն ցուցաբերվել ստեղծագործողներին և հետազոտողներին, թարգմանական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև այլ լեզուներով հայկական մշակույթի հրապարակումներին։ Նախորդ տարվա 8-ի համեմատ՝ այս տարի ունեցել ենք 9 լեզվով թարգմանված 17 գիրք, որը 6-ով ավելի է, քան նախորդ տարի: Աջակցություն է ցուցաբերվել ոչ պետական մամուլի հրատարակմանը՝ 28 պարբերական, որոնց թվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող պարբերականները»։
Արամ Խաչատրյան 120
«Արամ Խաչատրյան 120» հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխարհի 12 երկրում կայացել է 65 համերգ, այդ թվում՝ Օպերային թատրոնի հյուրախաղերը Փարիզում և Ստրասբուրգում, ցուցահանդեսներ և գիտաժողովներ, Արամ Խաչատրյանի արտագնա փառատոնը Չինաստանում, Արամ Խաչատրյանի անվան մրցույթը և փառատոնը, «Մեցցո» ալիքի կողմից Խաչատրյանին նվիրված տեսաֆիլմի պատրաստումը։
Միջազգային համագործակցություն
Շարունակել է ակտիվորեն զարգանալ և ընդլայնվել միջազգային մշակութային համագործակցությունը։ Լայն աշխարհագրությամբ իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված խաչատրյանական ծրագիրը, Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագիրը, մասնակցություն Լառնակայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին, մշակութային ծրագրեր՝ Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում։ Տարվա ընթացքում 22 թատերահամերգային կազմակերպություն և 137 անհատ կատարող ելույթներով հանդես են եկել 15 երկրում (60 քաղաք):
2023 թվականը հագեցած էր մշակութային կարևոր իրադարձություններով, որոնցից Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայ կինոյի 100-ամյակը ներառված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում։
«Հանրահռչակման տեսանկյունից մեծ ծավալի աշխատանք է իրականացվել: Կարևորում եմ մեր խմբերի ելույթներն արտերկրում, բայց նաև կարևոր է Հայաստանում հյուրընկալել հեղինակավոր խմբերի և կատարողների: Այս տարի Երևանի միջազգային թատերական փառատոնի շրջանակում հյուրընկալեցինք մի քանի հեղինակավոր թատրոնների: Օպերայի, ֆիլհարմոնիկի, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ ելույթներ ունեցան արտերկրից ժամանած արտիստներ, ինչը մեր պետությունը՝ որպես մշակութային երկիր, դարձնում է առավել գրավիչ»:
Հոբելյանական ծրագրեր
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում ընդգրկվել են Սերգեյ Փարաջանովի և Շարլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանները, որոնք կնշվեն ամբողջ աշխարհում: 2024 թվականի հոբելյանական ծրագրերի շրջանակում հավուր պատշաճի կնշվի նաև 19 հոբելյան, այդ թվում՝ Երվանդ Քոչարի 125, Պարույր Սևակի 100, Պարավեստի պետական ուսումնարանի 100, Վալենտին Պոդպոմոգովի 100, Կոմիտաս քառյակի 100, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ