ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«30 նոր դասագիրք է մտել դպրոց. բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում». Ժաննա Անդրեասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Դեկտեմբերի 27, 2023
Պաշտոնական Հարցազրույցներ, ելույթներ

Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի:

«Հայոց պատմություն 7» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Պատասխանելով լրագրողների` նոր դասագրքերին և, մասնավորապես, «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ հարցին, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվել է այդ խնդրով դեռ մինչև հարցերի՝ հանրային տիրույթում բարձրաձայնումը։

«Եղել են մասնագետներ, որոնք գրավոր նախարարություն են ներկայացրել մասնագիտական դիտարկումներ, որի համար շնորհակալ եմ, քանի որ մասնագիտական կարծիքները մեզ համար շատ կարևոր են: Նոր դասագրքերն այս տարի առաջին անգամ են մտել դպրոց և անցնում են փորձարկման փուլ: Մենք չենք ունեցել դասագրքերի ստեղծման արդյունավետ համակարգ և ավանդույթներ, ուստի բնական է, որ նոր դասագրքերը շտկումների, լրամշակման անհրաժեշտություն կարող են ունենալ: Հեղինակային խմբերի առջև խնդիր է դրվել, մասնագիտական բոլոր դիտարկումները հաշվի առնելով, պատրաստել ներդիրներ, որոնք արդեն երկրորդ կիսամյակում պետք է տրամադրվեն դպրոցներին` դասագրքերին զուգահեռ կիրառելու համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` այս ուսումնական տարում 30 նոր դասագիրք է մտել դպրոց, և դրանց բոլորի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվում, որպեսզի խնդիրները բացահայտվեն, և, ըստ անհրաժեշտության, շտկումներ կատարվեն։ Նախարարը տեղեկացրել է, որ կոնկրետ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ իրավիճակի քննարկման նպատակով տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել հանրային կամ ոչ հանրային ձևաչափով մասնագիտական դիտարկում ներկայացրած գիտնականները, ինչպես նաև հեղինակն ու գրքի հրատարակությունն իրականացրած կազմակերպության տնօրենը: Նախարարություն հանդիպման գալուց առաջ մասնագետները ԵՊՀ-ում ունեցել են քննարկում, որի ընթացքում ներկայացված դիտարկումների հիմնական մասը հեղինակն ընդունել է, ինչը, ըստ նախարարի, շատ կարևոր է: Քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ մասնագետների բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկներն ուսումնասիրվելու են.

«Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն՝ լինելու է մի աղյուսակ, որտեղ ներառվելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրանց՝ ընդունե՞լ է կամ ոչ, և հիմնավորումը՝ ինչո՞ւ է ընդունել և ինչո՞ւ չի ընդունել: Ընդ որում՝ հիմնավորումները պետք է լինեն մասնագիտական առումով փաստարկված։ Մենք պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթերը հասանելի կլինեն բոլորին՝ հավաստիանալու, թե հեղինակն ինչպես է արձագանքել այս կամ այն դիտարկմանը: Նախարարությունն այդ փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ փորձագիտական կարծիքի, որպեսզի ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն։ Էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի տեսնենք իրական աշխատանքային գործընթացը. կան նոր դասագրքեր, որոնք, ըստ էության, անցնում են փորձարկում, ի հայտ է գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային գործընթաց է»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը՝ «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նախարարությունը հարգում է եկեղեցու դիրքորոշումը. «Կրթության կազմակերպում է պետությունը՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքները և առաջնորդվելով կրթությունը կազմակերպելու մանկավարժական արդյունավետ մոտեցմամբ»:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախօրեին Մայր Աթոռի կողմից նախարարությունը ստացել է նամակ, որը, ինչպես մյուս բոլոր մասնագիտական դիտարկումները, կներառվի անկախ փորձագիտական գնահատման ուղարկվող փաստաթղթում:

««Հայոց պատմություն» առարկայի՝ չափորոշիչներին համապատասխան դասավանդման մոտեցումներն ուղիղ կապված են մեր պետության շահերի, հայրենասեր քաղաքացու դաստիարակության սկզբունքների հետ, և այդպիսին է ամբողջ հանրակրթության պետական չափորոշիչը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նոր դասագրքերի մրցույթների մասին

Պատասխանելով նոր դասագրքերի հրատարակման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ այդ նպատակով տրվել է շուրջ 8 ամիս ժամանակ. մրցույթներն արդեն հայտարարվել են, և հայտերը բացվելու են 2024 թ. ապրիլին: Այդ ընթացքում հեղինակային խմբերը հնարավորություն ունեն ներկայացնելու 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի համար հայտեր: Մրցույթներ են հայտարարվել նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների այն առարկաների դասագրքերի համար, որոնք չեն ստեղծվել նախորդ ուսումնական տարում՝ հայտեր չլինելու կամ համապատասխան փորձագիտական երաշխավորություն չստանալու պատճառով:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների անկախ գնահատականի մասին

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի որակական արդյունքներ են ապահովել կրթության բարեփոխումները, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունը միջազգային գործընկերներից ստացել է Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման անկախ գնահատում, որն առաջիկայում կհրապարակվի:

«Շուտով ունենալու ենք նաև հանրային միջոցառում, որտեղ այդ գնահատումն իրականացրած մեր գործընկերը՝ Համաշխարհային բանկը, ներկայացնելու է հետազոտության արդյունքները: Դրանք փաստում են, որ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ փորձարկվել է չափորոշիչը, ունենք որակական արդյունք: Կրթության որակի կարևոր ցուցանիշը հետևյալն է՝ քանի տարի է սովորում երեխան, և այդքան տարի սովորելուց հետո իր ունեցած կրթական արդյունքը քանի տարվա արդյունքի հետ է համադրելի» ,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ 2015 թվականին արված նմանօրինակ հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում 12 տարի դպրոց հաճախող երեխան 8,3 տարվա կրթական արդյունք ունի, որը կրթական համակարգի ամենակարևոր և լուրջ խնդիրն է: «Այդ ժամանակը մենք վերցնում ենք մեր երեխաների կյանքից և վատնում անիմաստ: Հենց սա է մեզ ստիպել գնալ այս փոփոխություններին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը կրթական իրական արդյունքի և դպրոցում անցկացված տարիների տարբերությունն էականորեն կրճատում է:

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատում է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ:

«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պահպանության հարցը»,- նշել է նա։

Նախարարը հայտնել է, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, և ամբողջացվել է տվյալների բազան. «Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցում բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, նախատեսվում են ցուցահանդեսներ, համաժողովներ և՛ Հայաստանում, և՛ արտերկրի տարբեր հարթակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«Գոյ» թատրոնի մասին

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ այն կգործի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում՝ որպես առանձին ստեղծագործական միավոր: Նախարարը նաև պարզաբանել է, որ նախօրեին թատրոնի անձնակազմը հանդիպել է ոլորտը համակարգող փոխնախարարի հետ: Ստեղծագործական անձնակազմը շարունակելու է գործունեությունը Սունդուկյանի անվան թատրոնում՝ ներկայացումներն ու խաղացանկն իրականացնելով ակադեմիական բեմում՝ ունենալով ստեղծագործական ազատություն և պահպանելով ոճային առանձնահատկությունը:

Ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի մասին

ԿԳՄՍ նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրել է՝ ՀՀ հանրակրթական դպրոցների՝ ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, և գրքերը բաշխվել են դպրոցներին:

«Փորձաքննությունն ունի շատ պարզ նպատակ. դպրոց մուտք գործող ցանկացած նյութ պետք է փորձաքննված լինի, և դա ստանդարտ ընթացակարգ է: Հաշվի առնելով, որ այս տարվանից նոր չափորոշիչը ներդնում ենք ՀՀ դպրոցներում, այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, բնականաբար, պետք է անցնեին փորձաքննություն՝ հասկանալու, թե որքանով են համապատասխանում մեր հանրակրթության չափորոշչին»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ռուսական կողմին առաջարկվել է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասագրքերի տրամադրումն այսուհետ ապահովել ՀՀ դպրոցներում կիրառվող, ՀՀ կրթական չափորոշիչներին համապատասխանող դասագրքերի՝ ռուսերենով տարբերակների տրամադրմամբ:

«Համապատասխան աշխատանքային խմբերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի այսպիսի հարցեր հետագայում չառաջանան»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Գիտական հոդվածների տպագրության մասին

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտական հոդվածների քանակի նվազումը պայմանավորված է դրանց որակի բարելավմամբ:

«Գիտական ամսագրերի ցանկը ևս լրամշակվել և կրճատվել է, որովհետև կան որոշակի միջազգային չափանիշներ, որոնց համապատասխանության հարցում պետք է հետևողական լինենք՝ մրցունակ գիտական ամսագրեր ունենալու համար»,- ասել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ գիտական կադրերի ատեստավորման նոր կարգի հիմքում դրված է գիտական հոդվածների թիվը, այդ թվում՝ միջազգային գիտական պարբերականներում: Այս մոտեցումը խթանելու է գիտաշխատողների կողմից հոդվածների տպագրումն ու բարձրացնելու է ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվելու մոտիվացիան: Ատեստավորման նոր կարգում հաշվի է առնվելու նաև գիտաշխատողների՝ կրթական գործընթացում ներգրավվածությունը՝ խրախուսելով բուհերի և գիտական հետազոտության կապը:

Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների մանկավարժների համագումարը

Հաջորդ տարվա կարևոր անելիքներից նախարարն առանձնացրել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» նոր օրենքի ընդունումը, որի շուրջ նախատեսվում են նաև հանրային լսումներ:

Հանրակրթության ոլորտում, ըստ նախարարի, կարևոր է կառավարման նոր մոդելի տեղայնացումը, ըստ որի՝ առանձնացված են տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի գործառույթները. «Բովանդակային խնդիրների պատասխանատուն դպրոցի տնօրենն է, իսկ վարչատնտեսական մասի համակարգողը պատասխանատու է ֆինանսատնտեսական գործառույթների համար»:

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելու է ԱՊՀ երկրների մանկավարժների համագումարը: Երկու տարին մեկ անցկացվող համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կրթական ոլորտի ներկայացուցիչներ, կկազմակերպվի կրթական փառատոն:

Ակադեմիական քաղաքի տեղակայման մասին

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտե՞ղ է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքը, նախարարը հստակեցրել է, որ այն կառուցվելու է Երևանի և 3 մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի, սահմանագծին: Արձագանքելով դիտարկմանը, թե ինչո՞ւ է ակադեմիական քաղաքը Աշտարակից տեղափոխվել Երևան, նախարարը նշել է:

«Այստեղ ուղղակի պարզ թյուրըմբռնում կա. ակադեմիական քաղաքի կառուցման մասին խոսելիս նշվել է տեղադրության ամենամոտ հատվածը և ըստ այդմ՝ Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Աշտարակի այն տարածքը, որի շուրջ ի սկզբանե ընթացել են քննարկումները, մի քանի անգամ փոքր էր և չէր համապատասխանում հայեցակարգին: Հետագա քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի թիվն ու բավականին մեծ ենթակառուցվածքները՝ Ազգային ստադիոն, սպորտային ենթակառուցվածքներ, ժամանակակից համերգասրահ և այլն, պարզ դարձավ, որ այն շատ ավելի մեծ տարածքի առկայություն էր ենթադրում: Այս նկատառումով էլ ընտրվել է 17-րդ թաղամասին հարակից 630 հա տարածքը, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը նպատակ ունի զարգացնել նաև մարզերի ենթակառուցվածքները, ինչին կնպաստի դրա՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարակից հատվածում տեղակայումը:

Ամփոփելով մամուլի ասուլիսը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ ենթակայության մշակութային որոշ հաստատություններ գործելու են նաև տոնական օրերին՝ հույս հայտնելով, որ քաղաքացիներն անպայման կայցելեն մշակութային միջոցառումների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…