ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, «Երեմյան Փրոջեքթս»-ի գործադիր տնօրեն Դավիթ Երեմյանը, ինչպես նաև Ջերմուկի և Եղեգնաձորի երկու դպրոցների աշակերտները: Այդ դպրոցներում 2023 թվականի հունվարից իրականացվում է «Կաթ դպրոցներում» ծրագիրը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը նախորդ տարեվերջին համաձայնագիր են ստորագրել՝ «Կաթ դպրոցներում» փորձնական ծրագիրը իրականացնելու մասին: 2023 թվականի փետրվարից Վայոց ձորի մարզի Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցների 5-8-րդ դասարանների ավելի քան 300 աշակերտ ամեն առավոտ ստանում է մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ շնորհավորել է դպրոցականներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արաքսիա Սվաջյանը նշել է՝ դպրոցն այն միջավայրն է, որտեղ երեխաները պետք է առողջ սնունդ ստանալու հնարավորություն ունենան: «Դպրոցում երեխաները պետք է գիտելիք ստանան, թե ինչ է առողջ սնունդը և որքան կարևոր է այն օրգանիզմի ու կենսակերպի ճիշտ կազմակերպման համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ այս համատեքստում անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին:
«Հաճախ դպրոցն ու երեխաները դառնում են այն ճանապարհը, որով մենք նաև ընտանիքում ենք փոփոխություն բերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարվանից ՀՀ մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով ստանում են տաք կամ չոր սնունդ: Ամեն ինչ անում ենք, որ բոլոր դպրոցներում անցում կատարենք տաք սննդի: Կաթն ու կաթնամթերքն առողջ սննդամթերքների կարևոր բաղադրիչներն են, և այս առումով կարևորում ենք ուսումնական միջավայրում դրանք ստանալու հնարավորությունը: Դպրոցում իրականացվող սննդի ծրագիրը նպաստում է նաև առողջ ապրելակերպի արդյունավետ ուսուցմանը՝ նպաստելով վարքագծային և գաղափարական փոփոխությունների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցականներն այդ կերպ գիտակցում են նաև առողջ սնունդ ստանալու կարևորությունը:
ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը կարևորել է դպրոցականների շրջանում առողջ սնունդի տարածման գործընթացը, մասնավորապես՝ «Կաթ դպրոցներում» ծրագրի իրականացումը. «Ուրախ եմ, որ այսօր նաև երեխաներին ենք հյուրընկալել: Վստահ եմ՝ ամեն առավոտ կաթի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում երեխաների առողջության վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաների միայն 60 %-ն է առավոտյան թարմ կաթ օգտագործում. նպատակ ունենք նպաստել այդ թվի ավելացմանը»:
Պանելային քննարկման ընթացքում Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցականները պատմել են, որ սառը կաթ խմելու գաղափարն ի սկզբանե դժկամությամբ են ընդունել, բայց գիտակցելով դրա օգտակարությունն ու առողջարար հատկանիշները՝ այժմ սիրով են այն խմում և իրենց ընտանիքներում ևս խթանում են կաթի ու կաթնամթերքի օգտագործումը:
Источник материала: https://escs.am/am/news/16770